Մենք ունենալու ենք նոր իշխանություն, նոր կառավարություն, մեր ապագա պատմագրությունը, ինքնությունը, իրավունքն ու շահը դա են պահանջում։ Այս ամենը ոչ միայն վիճակագրություն է՝ թվեր, թվաբանություն, հարցումներ, այլ նաև ոգի, խմորումներ, միացումներ, զսպվածություն սեփական ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, որը մեկ-մեկ խախտվում է։ Տարբեր գործոններ կան՝ թե՛ զգացմունքային, թե՛ կոշտ, կիրառական, գործնապաշտ քաղաքական խնդիրներ, որոնք լուծելու դեպքում Հայաստանը վերջապես կունենա ընտրված լեգիտիմ իշխանություն։ 168TV -ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեզ պետք է հավաքական պատասխանատվություն։ Խարիզմատիկ ղեկավարներ ունենք՝ փորձառու, օժտված, հետագծով և այլն, բայց մեզ մոտ կա նաև անհատապաշտության բարդույթը։ Դա առաջին հերթին պատկանում է գործող իշխանին, որն ասում է, թե իբր՝ միայն ես եմ, և եթե ես չլինեմ, չկա Հայաստան, չկա խաղաղություն, չկա պետականություն։ Դա ցույց է տալիս, որ այդ ասողն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է պետականությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետություն՝ որպես պետականություն, չունենք»,- ասաց քաղաքական գործիչը: «Իրենք շարունակելու են մինչև ընտրություններ ամեն ինչ անել՝ պետությանը պատկանող ակտիվները, կառույցները, լիազորությունները կիրառելու սեփական շահի համար՝ ազգային անվտանգությունից մինչև քարոզչություն ու հեռուստատեսություն։ Սահմանադրական մեծ խախտում է սա, իհարկե, բայց իրենք դա անելու են։ Արդեն կեղծվող նախընտրական վիճակով հանդերձ՝ մենք պիտի կարողանանք բերել այնպիսի արդյունք, որ հայ ժողովուրդը դուրս գա դեպրեսիայից, անտարբերությունից, նեղվածությունից, կորստի խոր ցավից։ Պետք է մասնակցել ընտրություններին, քվե տալ խղճի մտոք՝ ընդդիմադիր ուղղությամբ։ Մենք պիտի կարողանանք 60, 65, 70 % մասնակցությամբ բերել նրան, որ ունենանք այդ փոփոխությունը»,- նշեց Հովհաննիսյանը:



