Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ–ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվուիսթին։ Ինչպես տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և կարևորել Շվեդիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը։ Նախարարը կարևորել է ֆիսկալ ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ոլորտներում SALAR International-ի հետ հաջող համագործակցության շարունակականությունը՝ տեղական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորություններին։ Քննարկվել է նաև թափոնների կառավարման ծրագիրը, որի նպատակն է բարելավել ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ներդնել թափոնների տեսակավորման և արդյունավետ կառավարման նոր մոդելներ։ Անդրադարձ է կատարվել Շվեդիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին ջրային ռեսուրսների կառավարման, ջրային ենթակառուցվածքների թվայնացման, ջրի արդյունավետ օգտագործման և ոռոգման համակարգերի կառավարման, երկրաբանական կարողությունների զարգացման ուղղություններին:



