«Prada»-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին՝ նրանց առաջարկելով բացառիկ ապրանքներ, անհատականացված ծառայություններ և փակ միջոցառումներ։ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում ընկերությունը Միլան էր հրավիրել ավելի քան 100 խոշոր հաճախորդի։ Նրանց համար կազմակերպվել էին Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավի մասնավոր դիտում, բացառիկ ընթրիքներ և այցելություն «Galleria Vittorio Emanuele II»-ում գտնվող նոր ընդլայնված «Prada Galleria»։ Ութհարկանի համալիրում գործում են մասնավոր գնումների տարածքներ, դերձակատուն, ոսկերչական բաժին, ցուցադրությունների և մասնավոր միջոցառումների համար նախատեսված տարածքներ։ «Prada»-ն առաջարկում է նաև անհատականացված և բարձրարժեք հագուստ։ Արխիվային կիսաշրջազգեստների հատուկ տարբերակների արժեքը կարող է հասնել 100 հազար դոլարի։ Prada-ի գործադիր տնօրեն Անդրեա Գուերան նշել է, որ ընկերության ամենախոշոր հաճախորդները մոտ 7 եվրո են ծախսում «Prada»-ի կողմից նրանց վրա ծախսված յուրաքանչյուր 1 եվրոյի դիմաց։ Այս ռազմավարությունը «Prada»-ն կիրառում է շքեղության շուկայում գերհարուստ հաճախորդների դերի աճի պայմաններում։



