ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի մեկնարկին նվիրված հանդիսավոր գալա-համերգին, որն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվող համաժողովը համախմբել է Հայաստանի և Միացյալ Թագավորության գործարար, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը, համաժողովի մասնակիցներ և հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բարձր երաժշտությունը երկրների միջև փոխըմբռնման, բարեկամության և համագործակցության արտահայտություն է։ «Բիզնեսը, կրթությունը, գիտությունը և մշակույթը, թեև տարբեր ոլորտներ են, իրականում ունեն մեկ կարևոր ընդհանրություն՝ դրանք ստեղծում են կապեր, ձևավորում վստահություն և բացում համագործակցության նոր ճանապարհներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ հայ-բրիտանական մշակութային երկխոսությունը զարգանում է՝ արձանագրելով արդյունքներ։ Նախարարը հիշատակել է 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ կազմակերպված «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել են Բրիտանական թանգարանից բերված Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը։ Շուրջ վեց ամիս տևած ցուցադրությունն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու։ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Միացյալ Թագավորության առաջատար կրթական հաստատությունների՝ Լոնդոնի արվեստների համալսարանի (UAL), Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL IOE), ինչպես նաև Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) հետ։ Համագործակցության առանցքում Արվեստների և կրթական կլաստերների հայեցակարգերի մշակումն է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Օմուլը։ Համերգային ծրագրում հնչել են բրիտանացի անվանի կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դոկտոր Մարկոս Հացադուլավորի ղեկավարությամբ և միջազգային ճանաչում ունեցող թավջութակահար Գայ Ջոնսթոնի մասնակցությամբ։ Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը մեկ հարթակում միավորում է բիզնես առաջնորդների, ներդրողների, քաղաքականություն մշակողների և նորարարների՝ նպաստելով նոր գործարար կապերի հաստատմանն ու երկարաժամկետ գործընկերությունների զարգացմանը։



