Իշխանությունն ունի բավարար հիմքեր պնդելու, որ եկեղեցու որոշ շրջանակներ դուրս են եկել հոգևոր առաքելության սահմաններից և ներգրավվել քաղաքական պայքարում։ Բարձրաստիճան հոգևորականների մի մասը ներգրավվել է քաղաքական պայքարում՝ եկեղեցու հեղինակությունն ու հանրային ազդեցությունը ծառայեցնելով իշխանափոխության օրակարգին։ 2024-ին Բագրատ Գալստանյանը դարձավ այդ գործընթացի ամենատեսանելի դեմքը՝ ստանձնելով ընդդիմադիր շարժման առաջնորդությունը՝ առաջադրվելով որպես վարչապետի թեկնածու։ Այսօր, սակայն, պատկերը փոխվել է։ Կաթողիկոսի և եկեղեցու քաղաքականացված շրջանակների ազդեցությունը էապես թուլացել է, իսկ նրանց քաղաքական ներուժը՝ զգալիորեն սպառվել։ Բագրատ Գալստանյանի շարժումը այդ ներուժի բարձրակետն էր։ Այն կարողացավ փողոց բերել դժգոհության զգալի զանգված, քաղաքական օրակարգ պարտադրել և եկեղեցականին դարձնել իշխանափոխության շարժման առաջնորդ։ Սակայն շարժումը չկարողացավ հասնել իր հռչակած քաղաքական նպատակին։ Դրանից հետո եկեղեցական քաղաքական ակտիվությունը աստիճանաբար կորցրեց լայն հանրային շարժման բնույթը և աստիճանաբար կենտրոնացավ եկեղեցու պաշտպանության վրա։ 2026-ի ընտրությունները ցույց տվեցին, որ եկեղեցու շուրջ ձևավորված քաղաքական օրակարգը զգալի ընտրական աջակցություն չի ստացել։ Խորհրդարան անցան միայն երեք ուժեր, իսկ եկեղեցական թեման առաջ մղող մյուս քաղաքական նախագծերը չկարողացան հաղթահարել ընտրական շեմը։ Չի երևում նաև այնպիսի նոր հասարակական շարժում, որը կարող է եկեղեցու շուրջ հավաքել այն մասշտաբի քաղաքական էներգիա, որն առկա էր 2024 թվականի գարնանն ու ամռանը։ Եկեղեցու պաշտպանության շուրջ տարբեր քաղաքական նախաձեռնություններ կան, ընդդիմադիր մի շարք ուժեր շարունակում են հրապարակային աջակցություն հայտնել Մայր Աթոռին, սակայն դա դեռ չի դարձել ինքնուրույն զանգվածային քաղաքական կենտրոն։ Եկեղեցու քաղաքական ազդեցության թուլացումից հետո իշխանության այս ակտիվությունը այլևս դժվար է ներկայացնել որպես միայն քաղաքական ինքնապաշտպանություն։ Այստեղ արդեն պետք է հարցնել՝ ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը։ Եթե խնդիրը հոգևորականների քաղաքական գործունեությունն է, լուծումը իրավական է։ Պետք է հստակեցնել կրոնական կազմակերպությունների քաղաքական գործունեության սահմանները, ֆինանսավորման թափանցիկությունը, կուսակցական պայքարին մասնակցության կանոնները և նույն չափանիշը կիրառել բոլորի նկատմամբ։ Բայց պետությունն անցել է մեկ այլ դաշտ։ Քննարկվում են հոգևորականների կուսակրոնությունը, եկեղեցու ներքին կառավարումը, նրա բարոյական վիճակը և «բարենորոգման» անհրաժեշտությունը։ Սա արդեն պետական քաղաքականության համար վտանգավոր տարածք է։ Պետությունը լիազորված է պաշտպանել սահմանադրական կարգը։ Այն չունի եկեղեցական առաքելությունը գնահատելու մանդատ։ Ավելին՝ այստեղ առաջանում է անհարմար հարց հենց իշխանության համար։ Եթե իշխանությունը ցանկանում են պարզել՝ եկեղեցին որքանով է կատարում իր բացառիկ առաքելությունը, հասարակությունն էլ իրավունք ունի նույն խստությամբ գնահատել աշխարհիկ իշխանության առաքելությունը։ Այդ առաքելությունը բավական պարզ է՝ անվտանգություն, սահմանների պաշտպանություն, արդարադատություն, արդյունավետ կառավարում, քաղաքացիների իրավունքներ, տնտեսական զարգացում և պետական ինստիտուտների ամրություն։ Պետությունն ինքը դեռ ամբողջությամբ չի կատարում իր հիմնական պարտականությունները։ Եկեղեցու քաղաքականացման խնդիրը պետք է լուծել օրենքով։ Քաղաքական գործունեությամբ զբաղվող հոգևորականը պետք է գործի նույն կանոնների ներքո, որոնք գործում են բոլորի համար։ Եկեղեցու ներքին ճգնաժամերի լուծումն էլ պետք է մնա եկեղեցու պատասխանատվության շրջանակում։ Բարենորոգման անհրաժեշտությունը հրատապ է, և ոչ ոք դա չի կարող վիճարկել, բայց այդ գործընթացը պետք է սկսվի ներսից։ Եկեղեցում կան եպիսկոպոսներ և հոգևորականներ, որոնք կարող են և հենց իրենք պետք է դառնան այդ փոփոխության հիմքը։ Նրանց շրջանակը պետք է ընդլայնվի, իսկ բարենորոգումը ձևավորվի որպես ներեկեղեցական շարժում։ Պետությունը կարող է նպաստել այդ գործընթացին՝ ապահովելով ազատ և իրավական միջավայր, բայց չպետք է ինքն անձամբ մտնի եկեղեցու կառավարման դաշտ կամ ստանձնի բարենորոգման առաջնորդությունը։ Պետության դերը եկեղեցու ինքնավարությունը երաշխավորելն ու օրենքի սահմանները հստակ պահելն է, ոչ թե նրա ներքին կյանքը տնօրինելը։



