Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Մարսելի մերձակայքում գտնվող Օբան քաղաքի Լականալի դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորվել են դպրոցի տնօրենն ու ուսուցիչը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրառման մեջ հայտնել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։ «Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել է աշակերտը։ Այս նոր հարձակման պայմաններում ազգային կրթական համակարգն ինչպես միշտ միասնական և ամուր կմնա՝ համախմբվելով ծանր փորձության ենթարկված կրթական հանրության շուրջ։ Սակայն այս անընդունելի արարքը ևս մեկ անգամ վկայում է մեր հասարակության մեջ անզուսպ բռնության տարածման մասին, որի դեմ մենք բոլորս պետք է համախմբվենք՝ թե՛ խոսքով, թե՛ գործով», – նշել է նախարարը։ France 24-ը գրում է, որ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 12-ին հրաձգության միջադեպի հետ կապված 14-ամյա դեռահաս է ձերբակալվել, որն, ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակել է որսորդական հրացանից։ Կասկածյալը մի քանի կրակոց է արձակել դպրոցի ներսում, նախքան անձնակազմի կողմից նրան վնասազեծելը և իրավապահ մարմինների միջամտությունը։ Ոստիկանության տվյալներով՝ Մարսելի մոտ գտնվող հարավային Օբան քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ երրորդ անձ է թեթևակի վիրավորվել, իսկ տնօրենի և ուսուցչի կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպին անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր առավոտյան Օբանի դպրոցում վիրավորված տնօրենին և ուսուցչին, ինչպես նաև ցնցված աշակերտներին ու ծնողներին իմ լիակատար համերաշխությունն ու անսասան աջակցությունն եմ հայտնում։ Ես բարձր եմ գնահատում ուսուցչական անձնակազմի հանգստությունն ու օրինակելի արձագանքը, որը կանխեց շատ ավելի վատ հետևանք», – նշել է նա X-ում գրառման մեջ։ Մարսելի դատախազությունը հաստատել է ձերբակալության փաստը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել դեպքի վերաբերյալ։ Ֆրանսիայում վերջին շաբաթներին ավագ դպրոցների աշակերտները ցույցեր են անցկացրել՝ բողոքելով կրթական ոլորտի տարբեր խնդիրների դեմ։ Ցույցերի պատճառով փակվել են հարյուրավոր դպրոցներ։ Տեղի են ունեցել ցուցարարների և իրավապահների միջև բախումներ, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել և ձերբակալվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15573

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով