Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է. MI-5-i ղեկավար

Միացյալ Թագավորության հակահետախուզության և ներքին անվտանգության MI5 ծառայության ղեկավար Քեն Մաքքալումը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների սպառնալիքներին դիմակայելիս իր ղեկավարած կառույցն այժմ ավելի շատ ռեսուրսներ է ծախսում, քան Սառը պատերազմի տարիներին։ Նա Ռուսաստանին անվանել է «թիվ մեկ ագրեսոր»։ Լոնդոնում՝ MI5-ի կենտրոնակայանում, ամենամյա ելույթի ժամանակ Մաքքալումն ասել է, որ վերջին տարիներին օտարերկրյա պետությունների հետ կապված սպառնալիքների ծավալն աճել է չորս անգամ։ Նրա խոսքով՝ այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ MI5-ի գործողություններն այժմ ծավալով բավականին մոտ են ահաբեկչության դեմ իրականացվող գործողություններին։ Մաքքալումի գնահատմամբ՝ Ռուսաստանը հիբրիդային պատերազմի շրջանակում փորձում է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնական պատասխանի։ «ՆԱՏՕ-ի այդ սահմանը հատելը Ռուսաստանի համար մեծ հիմարություն կլիներ», — նշել է MI5-ի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ բացահայտ ռազմական բախման գնալու փոխարեն Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական երկրները։ Մաքքալումը նաև հայտարարել է, որ բրիտանական հակահետախուզության կողմից ռուս լրտեսների բացահայտումն ու արտաքսումը դժվարացրել են Ռուսաստանի հետախուզական ցանցերի աշխատանքը։ Նրա խոսքով՝ դրա հետևանքով Մոսկվան ավելի հաճախ է փորձում իր առաջադրանքները կատարելու համար ներգրավել կողմնակի անձանց, այդ թվում՝ հանցագործների։ «Ուկրաինա ներխուժումից հետո գրեթե հազար մարդու արտաքսման շնորհիվ Կրեմլի ավանդական գաղտնի ցանցը զգալիորեն թուլացել է, և նրա հնարավորությունները համաշխարհային մակարդակով նվազել են։ Այդ պատճառով տեսնում ենք, որ նրանք դիմում են հանցագործների վարձելուն՝ իրենց հանձնարարությունները կատարելու համար», — ասել է MI5-ի ղեկավարը։ Նա հավելել է. «Մեծ տերությունները, որոնք ռազմավարական առավելություն ունեն մյուսների նկատմամբ, այդպես չեն վարվում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15832

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով