Տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, խոշոր գումար

Հոկտեմբերի 4-ի ժամը 17․45-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում, որ իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերը հայտնել է, որ ժամը 11-ից 15-ն ընկած ժամանակամիջոցում, երբ տանը մարդ չի եղել, տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան, որում նույնպես եղել են խոշոր գումար և ոսկյա զարդեր։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերված տվյալները քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ գողությունը կատարել են չորս հոգի, մեկը՝ տուժածի համագյուղացին, մյուսները՝ մայրաքաղաքից։ Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ազատան գյուղում իրավապահները ձերբակալեցին 37-ամյա համագյուղացուն, որը անհերքելի փաստերի առկայության պայմաններում ընդունեց մեղքը և հայտնեց, որ չհրկիզվող պահարանն ու գողոնի մի մասը իր տանն են։ Նա կալանավորվեց, իսկ նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր և մոտ մեկուկես միլիոն դրամի գումար։ Հայտնաբերվեցին նաև ատրճանակ, ողորկափող հրացան, 20 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ։ Գողությունը կատարած անձանցից Երևանի 42-ամյա բնակիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15957

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով