Ռուսաստանը պատրաստվում է ձմռանն ընդառաջ ուժեղացնել հարվածներն Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին։ Հոկտեմբերի 16-ին Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է էներգետիկ օբյեկտների, ռազմավարական կամուրջների, երկաթուղային հանգույցների և տվյալների կենտրոնների դեմ իրականացվող գործողությունների մասին։ Պուտինը հավանություն է տվել դրանց շարունակմանը։ Թիրախների ընտրությունը բացահայտում է Մոսկվայի հաշվարկը՝ խափանել երկրի էներգամատակարարումն ու հաղորդակցությունը, կազմալուծել քաղաքների բնականոն կյանքը և ձմեռային ծանր պայմաններն օգտագործել Ուկրաինային քաղաքական զիջումներ պարտադրելու համար։ Հայտարարությունը հնչել է Ուկրաինայի դեմ ռուսական ձմեռային հարձակման գաղտնի ծրագրի բացահայտման ֆոնին։ The New York Times -ը հրապարակել է Ուկրաինայի հետախուզության ձեռք բերած ռուսական գաղտնի ծրագրի մանրամասները, որոնք Կիևը դեռ սեպտեմբերին փոխանցել էր եվրոպացի գործընկերներին։ Փաստաթղթում հաշվարկված են Կիևի, Խարկովի և Օդեսայի էներգետիկ համակարգերը շարքից հանելու համար անհրաժեշտ ռազմական միջոցները։ Մոսկվայի նպատակը երեք խոշոր քաղաքների կենսագործունեությունը կաթվածահար անելն է՝ բնակչությանը զրկելով էլեկտրականությունից, ջեռուցումից ու ջրից և խորացող հումանիտար ճգնաժամը վերածելով քաղաքական ճնշման գործիքի։ Հաշվարկը սարսափելի ճշգրիտ է։ Շուրջ 70 բալիստիկ հրթիռ, 720 հեռահար անօդաչու սարք և 150 կառավարվող ավիառումբ։ Ռուսական ռազմական պլանավորողների գնահատմամբ՝ մեկամսյա ինտենսիվ հարվածները կարող են կազմալուծել ուկրաինական էներգետիկ համակարգը։ Ծրագրի սպասվող հետևանքների թվում նշվում է երեք խոշոր քաղաքների էներգետիկ հզորությունների մինչև 90 տոկոսի խափանումը և ջերմամատակարարման ծավալների նույնքան նվազումը։ Ջրատար համակարգերի, պոմպակայանների ու կոյուղու աշխատանքի խափանումները կարող են արագորեն վերածվել հումանիտար աղետի։ Ռուսական հաշվարկների հիմքում Ուկրաինայի էներգետիկ համակարգին նախորդ տարիներին հասցված ծանր վնասն է։ Պատերազմից առաջ Կիևն ապահովող երեք ջերմաէլեկտրակենտրոնների ընդհանուր հզորությունը շուրջ 1,3 գիգավատ էր, այժմ՝ ընդամենը 500 մեգավատ։ Չորս տարվա շարունակական հարվածներից հետո համակարգի վերականգնման հնարավորությունները խիստ սահմանափակվել են, իսկ յուրաքանչյուր նոր հարձակում սպառնում է ավելի երկարատև խափանումներով։ Հոկտեմբերի 16-ին Գերասիմովի ներկայացրած զեկույցը բացահայտում է ռուսական հարվածների հետագա ընդլայնման ուղղությունները։ Գերասիմովը Պուտինին հայտնել է ռազմավարական նշանակության կամուրջների և երկաթուղային ենթակառուցվածքների դեմ հարվածների մասին։ Ռուսական հրամանատարությունը հայտարարում է նաև նավահանգիստների ու լոգիստիկ կենտրոնների աշխատանքի խափանման մասին։ Էներգետիկ համակարգին հասցվող հարվածները միաժամանակ խաթարում են երկրի հաղորդակցությունը, մատակարարումների անխափան ընթացքն ու տնտեսական կյանքը՝ խորացնելով պատերազմի հետևանքները բնակչության համար։ Կամուրջներն ու երկաթուղիները կենսական նշանակություն ունեն ռազմական փոխադրումների, քաղաքացիական մատակարարումների, բնակչության տեղաշարժի և արտակարգ ծառայությունների աշխատանքի համար։ Դրանց համակարգված ոչնչացումը կարող է խորացնել էներգետիկ հարվածների հետևանքները։ Մոսկվան ակնհայտորեն հաշվարկել է նաև ուկրաինական պաշտպանության խոցելիությունը։ Patriot համակարգերի հակահրթիռների պակասը, ամերիկյան աջակցության կրճատումը և ռուսական հարվածային միջոցների աճող արտադրությունը մեծացնում են այս գործողության հաջողության հավանականությունը։ Ուկրաինայի քաղաքների վերականգնման հնարավորություններն արդեն զգալիորեն սահմանափակվել են։ Յուրաքանչյուր նոր հարված կարող է շաբաթներով երկարացնել կենսական ծառայությունների խափանումները։ Ձմռան պայմաններում նույնիսկ սահմանափակ վնասը երբեմն բավարար է բնակելի ամբողջ թաղամասերի ջեռուցումը դադարեցնելու համար։ Այս իրադրությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կիևի առաջարկած էներգետիկ հրադադարին։ Ռուսաստանը, դատելով իր հրապարակային հայտարարություններից և բացահայտված ծրագրի բովանդակությունից, առաջիկա ձմեռը դիտարկում է որպես Ուկրաինայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու հնարավորություն։ Հրադադարը կսահմանափակի ռազմական հարկադրանքի այդ գործիքի կիրառումը։ Այստեղ առաջանում է նաև միջազգային պատասխանատվության հարցը։ Քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների դիտավորյալ ոչնչացումը կարող է առաջացնել միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներ։ Կամուրջի կամ էներգետիկ օբյեկտի ռազմական նշանակությունը չի վերացնում համաչափության և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունները։ Ուշագրավ է ռուսական ռազմական ղեկավարության ընտրած հրապարակային ձևաչափը։ Գերասիմովը ենթակառուցվածքների դեմ գործողությունները ներկայացրել է անմիջապես Պուտինին, իսկ Կրեմլը հրապարակայնացրել է դրանք շարունակելու քաղաքական որոշումը։ Հետևաբար հնարավոր հետևանքների պատասխանատվության հարցում հրամանատարական շղթան առանձնապես կարևոր նշանակություն ունի։ Հետախուզության ձեռք բերած փաստաթուղթը ներկայացնում է ռուսական ռազմական հաշվարկը։ Հոկտեմբերի 16-ի հայտարարությունները վկայում են նույն բնույթի լայնածավալ հարվածները շարունակելու մասին։ Մոսկվան մտադիր է օգտագործել պատերազմի հինգերորդ ձմեռը՝ Ուկրաինայի դիմադրությունը կոտրելու համար։ Ծրագրի կենտրոնում երեք խոշոր քաղաքների կենսագործունեության խափանումն է, միլիոնավոր մարդկանց առօրյայի կազմալուծումը և դրանից ակնկալվող քաղաքական ճնշումը։ Կրեմլի հաշվարկում ցուրտն արդեն ռազմական նշանակություն է ստացել։ Իսկ արևմտյան մայրաքաղաքների համար առաջիկա շաբաթների ամենակարևոր որոշումներից է լինելու Ուկրաինային բավարար հակահրթիռային միջոցներով ապահովելը։ Այդ որոշման հետևանքները չափվելու են նաև այն մարդկանց թվով, որոնց տները ձմռանը կպահպանեն ջերմությունը, լույսն ու ջուրը։



