Կատարը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կատարի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մաջեդ ալ-Անսարին կոչ է արել կողմերին շարունակել դիվանագիտական ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները շարունակվում են՝ չնայած լարվածության աճին և ռազմական գործողությունների վերսկսման մտավախություններին։ «Մենք պետք է լավատեսություն պահպանենք, ջանասիրաբար աշխատենք և հստակ գիտակցենք, թե ինչ է անհրաժեշտ լուծման հասնելու համար»,- նշել է Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ ռազմական ճանապարհով հարցի լուծումն անընդունելի է, և անհրաժեշտ է կանխել լարվածության հետագա սրումը։ «Ռազմական լուծումն անընդունելի է։ Լարվածության սրացում չպետք է լինի։ Անհրաժեշտ է դիտարկել խաղաղ կարգավորման տարբերակը»,- հայտարարել է ալ-Անսարին՝ հավելելով, որ Կատարը հույս ունի հնարավորինս արագ հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը։



