Ռուսական գազի հնարավոր թանկացումը Հայաստանում կրկին տնտեսական աղետի մտավախություններ է առաջացրել։ Տարիներ շարունակ ռուսական գազի թանկացման սպառնալիքը Հայաստանում ներկայացվել է որպես տնտեսական ծանր ճգնաժամի նախերգանք։ Այդ մտավախությունը դարձել է Մոսկվայից կախվածությունն արդարացնող քաղաքական գլխավոր փաստարկներից մեկը։ Էժան գազի դիմաց Հայաստանը շարունակել է վճարել նաև իր արտաքին քաղաքական ազատությամբ։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ է տնտեսագետ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ներկայացրած գնահատականը։ Ջրբաշյանի ներկայացրած հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է դիմակայելու ռուսական գազի նույնիսկ զգալի թանկացմանը։ Գնաճն ու առանձին ոլորտների դժվարություններն անխուսափելի կլինեն, սակայն տնտեսական աղետի մասին կանխատեսումները հիմնավորված չեն։ Այս գնահատականը նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի․ այն կասկածի տակ է դնում Հայաստանի տնտեսական կենսունակությունը ռուսական էժան գազից կախված համարող տարիների պատկերացումը։ Գազի սահմանային գինը և վերջնական սպառողի վճարած գումարը տարբեր մեծություններ են։ Դրանց միջև գործում է պայմանագրային պարտավորությունների, բաշխման ծախսերի, սակագնային կարգավորումների և սպառողների տարբեր խմբերի միջև գնային բեռի բաշխման ամբողջ համակարգ։ Ջրբաշյանի մատնանշած հանգամանքներից հատկապես ուշագրավ է Հայաստանում բնակչության համար սահմանված գնի հարաբերակցությունը տնտեսության որոշ ճյուղերի սակագներին։ Այս համակարգը հնարավորություն է տալիս արտաքին թանկացման հետևանքները մեղմել ներքին գնագոյացման վերանայմամբ։ Հետևաբար սահմանին գազի գնի բարձրացումը դեռ չի կանխորոշում երկրի ներսում համարժեք թանկացումը։ Հայաստանի հնարավորությունները գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև գործող պայմանագրերի ամբողջությունը՝ ներառյալ «Գազպրոմ Արմենիա»-ի կարգավիճակն ու Հրազդանի ՋԷԿ-ի հետ կապված պարտավորությունները։ Սակայն այս հարցն ունի նաև խորքային քաղաքական նշանակություն։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստված ուղուց և ընտրեց Մոսկվայի առաջարկած ինտեգրացիոն համակարգը։ Այդ շրջադարձի հիմնավորումների շարքում զգալի տեղ ուներ ռուսական էներգակիրների արտոնյալ գինը պահպանելու անհրաժեշտությունը։ Կարճաժամկետ տնտեսական շահի դիմաց Հայաստանը ստանձնեց երկարաժամկետ քաղաքական պարտավորություններ, որոնց գինը հետագա տարիներին շատ ավելի ծանր դարձավ։ Ռուսական էժան գազից կախվածությունն աստիճանաբար ձևավորեց նաև երկրի տնտեսական կառուցվածքը։ Արտադրությունն ու ներդրումները տարիներ շարունակ կառուցվեցին էժան գազի հաշվարկով, ինչի հետևանքով հետաձգվեցին էներգախնայողությունը, տեխնոլոգիական արդիականացումն ու մատակարարման այլընտրանքների զարգացումը։ Էժան գազի երկարամյա արտոնությունը խորացրեց Հայաստանի տնտեսական կախվածությունը՝ Մոսկվային տալով քաղաքական ազդեցության լրացուցիչ լծակ։ Գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է արագացնել այդ փոփոխությունները։ Սակայն շուկայական պայմաններին անցումը պետական քաղաքականություն է պահանջում։ Խոցելի տնային տնտեսություններին անհրաժեշտ է հասցեական աջակցություն, իսկ արտադրողներին՝ արդիականացման հասանելի ֆինանսավորում։ Էներգետիկ այլընտրանքների զարգացումն ու Իրանի հետ համագործակցության ընդլայնումը պետք է ստանան գործնական առաջնահերթություն։ Այստեղ է նաև Ջրբաշյանի գնահատականի քաղաքական նշանակությունը։ Մոսկվայի հնարավոր տնտեսական ճնշման արդյունավետությունը մեծապես կախված է մեր հասարակության և պետական կառավարման համակարգի արձագանքից։ Տնտեսական աղետի սպասումն ինքնին մեծացնում է Մոսկվայի ճնշման ուժը։ Ռիսկերի հստակ գնահատումը թույլ է տալիս կառավարել դրանք, մինչդեռ վախը կաշկանդում է երկրի քաղաքական ինքնուրույնությունը։ Հայաստանի էներգետիկ անկախությունը պահանջում է երկարաժամկետ քաղաքականություն և կախվածության հետևողական նվազեցում։ Այն պահանջում է երկարատև ներդրումներ, արդյունավետ կարգավորում և տնտեսական քաղաքականության հետևողական վերանայում։ Այդ ճանապարհի ծախսերը պետք է ազնվորեն ներկայացվեն հասարակությանը։ Ռուսական գազի հնարավոր թանկացումը Հայաստանի համար անցանկալի զարգացում է։ Սակայն երկրի արտաքին քաղաքական ընտրությունը մշտապես էժան գազի պահպանման խնդրին ենթարկեցնելն արդեն չափազանց թանկ է նստել մեզ վրա։ Հայաստանը պետք է վերջապես հաշվարկի նաև կախվածության գինը։ Տարիներ շարունակ այդ հաշիվը ներկայացվել է միայն խորանարդ մետրերով։ Մնացածը վճարել ենք ինքնիշխանությամբ։



