COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) գլխավոր քարտուղար Իվոն Հիգերոյի հետ։ Քննարկվել են Հայաստանում կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային օրենսդրության կատարելագործման և վայրի կենդանիների ու բույսերի ապօրինի առևտրի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Հայաստանի արձանագրած առաջընթացին և կոնվենցիայի պահանջներին ազգային օրենսդրության լիարժեք համապատասխանությունն ապահովելու հետագա քայլերին՝ կարևորելով CITES քարտուղարության փորձագիտական աջակցությունն ու պատասխանատու կառույցների կարողությունների զարգացումը։ Որպես COP17-ի նախագահ՝ նախարարն ընդգծել է բնապահպանական կոնվենցիաների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար։ Նախարարը ներկայացրել է նաև 2031 թվականին CITES-ի կողմերի համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր հետաքրքրվածությունը։ Քարտուղարությունը գոհունակություն է հայտնել Հայաստանի կողմից տարվող աշխատանքի’ նշելով առաջընթացը օրենսդրության շարունակական կատարելագործման և 1-ին կատեգորիա հասնելու շուրջ։ Հայաստանը վերջերս է լավարկել իր դիրքերը օրենսդրությանը ներկայացվող պահանջների նկատմամբ’ տեղափոխվելով 2-րդ կատեգորիա։



