2021 թվականի ապրիլին Կանադայի կառավարությունը պաշտոնապես հաստատեց Լեռնային Ղարաբաղի պատերազմում կանադական ռազմական տեխնոլոգիաների օգտագործման մասին արժանահավատ ապացույցների առկայությունը և չեղարկեց Թուրքիա սպառազինության արտահանման համապատասխան թույլտվությունները։ Հինգ տարի անց նույն երկրները Անկարայում ստորագրում են ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որի առանցքային ուղղություններից է պաշտպանական համագործակցությունը։ Հոկտեմբերի 22-ին Մարկ Քարնիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթուղթը նախատեսում է առևտրի, անվտանգության, էներգետիկայի և ներդրումների ընդլայնում։ Կմշակվի նաև եռամյա գործողությունների ծրագիր։ Բանակցությունների օրակարգում են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակությունը, ռազմական արդյունաբերությունը, միջուկային էներգետիկան և ռազմավարական հանքանյութերը։ Սակայն այս համաձայնագրի կարևորագույն նախապատմությունը ներկայացված է Կանադայի արտաքին գործերի նախարարության հրապարակած փաստաթղթերում։ 2020 թվականի պատերազմի կանադական հետքը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Օտտավան կասեցրեց Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման համապատասխան թույլտվությունները։ Պատճառը Ադրբեջանին մատակարարված թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում կանադական L3Harris Wescam ընկերության օպտիկական և թիրախավորման համակարգերի օգտագործման վերաբերյալ տեղեկություններն էին։ Հետագա պաշտոնական քննությունը պարզեց, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում։ 2021 թվականի ապրիլի 12-ին արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարեց, որ այդ հանգամանքը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի տրամադրած վերջնական օգտագործման երաշխիքներին։ Քննության նյութերում արձանագրված է առանձնապես ուշագրավ հանգամանք։ 2020 թվականի մարտին թուրքական կողմը հավաստիացրել էր, որ Wescam-ի համակարգերը չեն փոխանցվի երրորդ կողմի։ Ամիսներ անց այդ տեխնոլոգիաներով համալրված անօդաչուներն արդեն կիրառվում էին Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Կանադական քննության համաձայն՝ Թուրքիայի գործողությունները կարող էին հակասել նախկինում տրամադրված երաշխիքներին։ 2024 թվականին Օտտավան հանեց Թուրքիա ռազմական արտահանման նախկին սահմանափակումները՝ վերադառնալով թույլտվությունների անհատական գնահատման համակարգին։ Իսկ 2026 թվականի հոկտեմբերին պաշտպանական համագործակցությունն ամրագրվեց ռազմավարական գործընկերության մակարդակով։ Ինչ արժե Թուրքիայի հետ համաձայնությունը Քարնիի այցի տնտեսական շարժառիթները հասկանալի են։ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությունը և Վաշինգտոնի հետ սրված հարաբերությունները Կանադային ստիպում են վերանայել արտաքին առևտրի աշխարհագրությունը։ Օտտավան փնտրում է նոր շուկաներ, ներդրողներ և արդյունաբերական գործընկերներ։ Թուրքիան այդ հաշվարկներում կարևոր տեղ ունի։ Այն ՆԱՏՕ-ի անդամ է, զարգացնում է սեփական ռազմարդյունաբերությունը, վերահսկում է Սևծովյան հաղորդակցության կարևոր հանգույցները և ձգտում է ընդլայնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։ Reuters-ի տվյալներով՝ կողմերի առևտրաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 4,34 միլիարդ կանադական դոլար։ Հաջորդ թիրախը 10 միլիարդի հասցնելն է։ Անկարան հետաքրքրված է նաև կանադական ներդրումներով՝ միջուկային էներգետիկայի, հանքարդյունաբերության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս համագործակցության ռազմական բաղադրիչը հատկապես կարևոր է Հայաստանի համար։ 2020 թվականի փորձը ցույց տվեց, որ Թուրքիա արտահանվող արևմտյան տեխնոլոգիաների հետագա կիրառությունը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի անվտանգության վրա։ Հետևաբար նոր համաձայնագիրը պահանջում է հրապարակային պարզաբանում։ Արդյո՞ք պաշտպանական համագործակցությունը նախատեսում է վերջնական օգտագործման լրացուցիչ վերահսկողություն։ Ի՞նչ երաշխիքներ են սահմանվելու ռազմական բաղադրիչների երրորդ երկրներ փոխանցման համար։ Ինչպե՞ս է Օտտավան կանխելու նախկինում արձանագրված խնդիրների կրկնությունը։ Համաձայնագրի հրապարակված քաղաքական ձևակերպումները բավարար պատասխան չեն տալիս այս հարցերին։ Մարդու իրավունքները՝ բանակցությունների լուսանցքում Քարնիի այցից առաջ Amnesty International-ը կոչ էր արել Կանադայի վարչապետին բարձրացնել Թուրքիայում քաղաքական հետապնդումների, լրագրողների ձերբակալությունների և ընդդիմության նկատմամբ ճնշումների հարցերը։ Կազմակերպությունը հատուկ ուշադրություն էր հրավիրել Էքրեմ Իմամօղլուի գործի և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների վրա։ Սակայն բանակցությունների հրապարակային արդյունքներում գերակշռում են տնտեսական ու անվտանգային պայմանավորվածությունները։ Համատեղ հայտարարության մեջ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ներկայացված են որպես դաշնակիցներին միավորող արժեքներ։ Այս սկզբունքների նկատմամբ Կանադայի հավատարմությունը կերևա գործնական քայլերից։ Օտտավան արդեն արձանագրել է կանադական ռազմական տեխնոլոգիաների օգտագործումը 44-օրյա պատերազմում։ Նոր գործընկերությունը պահանջում է հստակ երաշխիքներ, որոնք կկանխեն նման դեպքերի կրկնությունը։ Հայաստանի համար առաջացող խնդիրը Օտտավայի և Անկարայի մերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության համար պահանջում է հասցեական աշխատանք։ Կանադայի կառավարության քննության եզրակացությունները բավարար փաստական հիմք են նոր համաձայնագրի պաշտպանական դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ պահանջելու համար։ Երևանը կարող է նախաձեռնել խորհրդակցություններ Կանադայի կառավարության և խորհրդարանի հետ՝ բարձրացնելով ռազմական տեխնոլոգիաների վերջնական օգտագործման վերահսկողության, երրորդ երկրներ վերաարտահանման և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Դիվանագիտական այս հնարավորությունը հատկապես արժեքավոր է, քանի որ հայկական կողմի մտահոգությունները հիմնված են հենց Օտտավայի պաշտոնապես հաստատած փաստերի վրա։ Կանադայի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունն արդեն կայացած քաղաքական որոշում է։ Դրա հետագա զարգացումը կախված կլինի տնտեսական շահերից և անվտանգության հաշվարկներից։ Հայաստանի խնդիրն այդ գործընթացում սեփական անվտանգության հարցերը օրակարգում պահելն է։ Կանադայի 2021 թվականի հետաքննության եզրահանգումները մնում են ուժի մեջ։ Նոր համաձայնագրի ստորագրումը չի վերացնում դրանցից բխող պատասխանատվությունը։



