2026 թ. ամռանը անոմալ տապի հետևանքներից շուրջ 900 եվրոպական քաղաքում ավելի քան 50 000 մարդ է մահացել։ Այս մասին ասվում է Լոնդոնի Կայսերական քոլեջի Գրենթեմի ինստիտուտի զեկույցում։ «Մեր գնահատումներով՝ այս ամռանը 854 քաղաքում գրանցվել է տապով պայմանավորված 50 391 հավելուրդային մահ», – նշվում է զեկույցում։ Հավելուրդային մահացություն է կոչվում մահացության ժամանակավոր աճը՝ սկզբնապես սպասվող ցուցանիշի համեմատ, որն առաջանում է այնպիսի արտաքին գործոնների պատճառով, ինչպիսիք են անոմալ եղանակային երևույթները, ռազմական հակամարտությունները կամ սովը։ Տապից մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Մալթայում, Իտալիայում և Հունգարիայում։ Նշվում է նաև, որ տապի հետևանքներից մահացության դեպքերի գրեթե կեսը բաժին է ընկել 85-ից բարձր տարիքի անձանց։ Միևնույն ժամանակ, գրանցված մահվան դեպքերից 883-ը բաժին է ընկել 20-44 տարեկան անձանց։ 2026 թ. ամռանը տապով պայմանավորված մահվան դեպքերի թիվը գրեթե կրկնակի գերազանցել է 2025 և 2024 թթ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշները։ Մայիսին Եվրոպայում սկսվել է անոմալ տապ, որը շարունակվել է գրեթե ողջ ամառ։ Մի շարք երկրներում ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել։ Առանձին երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը։ Չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով եվրոպական բազմաթիվ երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում, անտառային հրդեհներ են բռնկվել։



