Քուշների գաղտնի միլիարդները. ադրբեջանական հետքը տանում է դեպի Սպիտակ տուն

Ադրբեջանական բանկի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ են փոխանցվել Արաբական Միացյալ Էմիրություններում բացված հաշվեհամարին, որի միջոցները, ըստ ամերիկացի հետաքննող լրագրող Մեթյու Քոուլի, տնօրինելու իրավունք է ունեցել Դոնալդ Թրամփի փեսան և նրա առաջին նախագահության ավագ խորհրդական Ջարեդ Քուշները։ Հրապարակման համաձայն, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարները Քուշներին հասանելի բանկային հաշիվներում տեղաբաշխել են առնվազն երկու միլիարդ դոլար։ Գումարները նախատեսված են եղել Մերձավոր Արևելքում նրանց քաղաքական ծրագրերն առաջ մղելու, ինչպես նաև Քուշների անձնական շահերն ապահովելու համար։ Հոկտեմբերի 22-ին Vanity Fair-ի հրապարակած «Արքայազներ և գողեր» գրքի հատվածը նկարագրում է ազդեցության գաղտնի ֆինանսավորման ենթադրյալ համակարգ, որի առանցքային օղակներից մեկը եղել է Ադրբեջանը։ Ըստ Քոուլի, 2017 թվականի վերջին Նիդերլանդների ռազմական հետախուզությունը (MIVD) համագործակցության է ներգրավել ռուսական ռազմական հետախուզության հետ կապեր ունեցող համակարգչային մասնագետի։ Նրա օգնությամբ հոլանդացիներին հաջողվել է հայտնաբերել Քուշների iPhone-ի էկրանի պատկերները, իսկ 2018 թվականի սկզբից արդեն անմիջականորեն հետևել հեռախոսի գործողություններին։ Հետախույզները նկատել են Քուշների մուտքն ԱՄԷ-ի First Abu Dhabi Bank-ում բացված հաշվեհամար։ Դրան ադրբեջանական բանկից փոխանցվել էին հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։ Հաշվի հնարավոր կապը Ադրբեջանի կառավարության հետ դարձել է հետախուզության նախնական վարկածներից մեկը։ Քոուլն այդ հաշիվը պայմանականորեն անվանել է «Ալֆա»։ Դրան, ըստ հեղինակի, 2017 թվականից փոխանցվել է շուրջ 750 միլիոն դոլար՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարների ֆինանսավորմամբ։ Հաշվի իրավական սեփականատերը Watani Al Emarat հիմնադրամն էր, որը ֆինանսավորվում է Էմիրությունների կառավարության կողմից։ Քոուլի աղբյուրները պնդում են, որ կազմակերպությունը նաև օգտագործվել է արտասահմանյան գաղտնի ռազմական և հետախուզական գործողությունների ֆինանսավորման համար։ Քուշները, ըստ հետաքննության, ունեցել է այդ հաշվի ստորագրության իրավունք։ Դա ենթադրում էր միջոցների տնօրինմանը մասնակցելու հնարավորություն՝ առանց հաշվի իրավական սեփականատերը լինելու։ Հետաքննության առավել ուշագրավ հատվածը վերաբերում է դրամական փոխանցումների կազմակերպմանը։ Քոուլի նկարագրած մեխանիզմով ադրբեջանական որոշ բանկեր խոշոր գումարներ են ընդունել սաուդյան ռիալով և էմիրաթական դիրհամով, այնուհետև արտասահմանյան հասցեատիրոջը փոխանցել դոլարային համարժեքը՝ օգտագործելով իրենց այլ ներքին հաշիվները։ Ծառայության միջնորդավճարը կազմել է 6–7 տոկոս։ Այս եղանակով ստացողի բանկային փաստաթղթերում կարող էր արտացոլվել ադրբեջանական բանկից կատարված դոլարային փոխանցումը՝ դժվարացնելով միջոցների սկզբնական աղբյուրի պարզումը։ 750 միլիոն դոլարի ամբողջ ծավալի նկատմամբ նման միջնորդավճար կիրառվելու դեպքում այն կարող էր հասնել 45–52,5 միլիոն դոլարի։ Աննախադեպ բարձր գին սովորական միջազգային փոխանցման համար։ Քոուլի նկարագրած սխեմայի տրամաբանությամբ այդ ծախսը ծառայում էր գործարքի ֆինանսական հետքը բարդացնելուն։ Այստեղ են առաջանում Ադրբեջանի վերաբերյալ ամենակարևոր հարցերը։ Ո՞ր բանկն է սպասարկել փոխանցումները։ Ովքե՞ր են եղել միջոցների սկզբնական ուղարկողները և վերջնական շահառուները։ Արդյո՞ք Ադրբեջանի պետական կառույցները տեղեկացված են եղել այդ գործարքներից։ Ինչպե՞ս են բանկերը հիմնավորել փոխանցումների տնտեսական նպատակն ու միջոցների ծագումը։ Հրապարակված հատվածում բացակայում են ադրբեջանական բանկի անվանումը, փոխանցումների հաստատված քաղվածքները և Ադրբեջանի իշխանությունների մասնակցությունը փաստող փաստաթղթերը։ Հետևաբար պետական ներգրավվածության վարկածը դեռևս ապացուցված չէ։ Սակայն նկարագրված գործարքների ծավալն ու մեխանիզմը բավարար հիմք են բանկային վերահսկողության անկախ ուսումնասիրություն պահանջելու համար։ Քոուլի աղբյուրները ներկայացնում են ֆինանսական երկրորդ գործողությունը։ Ըստ նրանց, մինչև 2018 թվականի գարուն Մոհամմեդ բին Զայեդը Ադրբեջանի միջոցով շուրջ մեկ միլիարդ դոլար է փոխանցել Իսրայել՝ ենթադրաբար Քուշների օգտին։ «Բետա» պայմանական անվանումը ստացած հաշիվը, ըստ հրապարակման, բացվել էր Իսրայելի կենտրոնական բանկում։ Հեղինակի աղբյուրի պնդմամբ, Բենիամին Նեթանյահուն տեղյակ է եղել գումարից և պահանջել տեղեկացվել հնարավոր փոխանցումների մասին։ Քուշների և Նեթանյահուի հաղորդակցության ենթադրյալ միջնորդը եղել է Իսրայելում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը։ Ֆրիդմանը կտրականապես հերքել է իր մասնակցության վերաբերյալ տեղեկությունները։ Հեղինակը նկարագրում է նաև գումարների հետագա հնարավոր տեղափոխումը Կիպրոսի բանկային հաշիվներ։ Սակայն հրապարակված հատվածը չի պարունակում այդ փոխանցումների ամբողջական փաստաթղթային շղթան։ Քոուլի հետաքննության քաղաքական նշանակությունն առնչվում է Սպիտակ տան որոշումների վրա օտարերկրյա ֆինանսական ազդեցության հնարավորությանը։ Հեղինակի աղբյուրներից մեկը պնդում է, որ Քուշները Մոհամմեդ բին Զայեդին խոստացել էր Թրամփի վարչակազմում առաջ մղել Էմիրությունների օրակարգը՝ գաղտնի հիմնադրամի ֆինանսավորմանը մասնակցելու դիմաց։ Այդ օրակարգի կարևոր ուղղություններից էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը։ 2020 թվականին Քուշների մասնակցությամբ կնքված Աբրահամյան համաձայնագրերը հանգեցրին Իսրայելի և ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորմանը։ Քոուլի ներկայացրած տեղեկությունները նոր հարցեր են առաջացնում այդ գործընթացին նախորդած ոչ պաշտոնական ֆինանսական պայմանավորվածությունների վերաբերյալ։ Եթե հաստատվի, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան օտարերկրյա կառավարությունների միջոցների նկատմամբ տնօրինման իրավունք է ստացել քաղաքական ծառայությունների դիմաց, գործը կարող է առնչվել ֆինանսական բացահայտման, կաշառակերության և օտարերկրյա ազդեցության մասին ԱՄՆ օրենսդրությանը։ Քուշները հրապարակայնորեն հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով ամբողջությամբ հորինված։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ Քուշները տեղյակ չի եղել հիշատակված հաշիվներից, որևէ առնչություն չի ունեցել դրանց հետ և պահպանել է օրենքի պահանջները։ Հետաքննության հաջորդ վճռորոշ փուլը պետք է լինի բանկային փաստաթղթերի ստուգումը։ Առանձնապես կարևոր են ադրբեջանական փոխանցումների սկզբնական

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16911

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով