Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրանում է Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ 1999 թվականի խորհրդարանական ահաբեկչության 27-րդ տարելիցը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, երբ խորհրդարանում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը, Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խմբավորումը ներխուժեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ բացեց։ Ահաբեկչության հետևանքով սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Կրակոցների հետևանքով ևս ութ մարդ վիրավորվեց։ Զինված խմբավորումը մինչև հաջորդ առավոտ պատանդի կարգավիճակում պահեց խորհրդարանի պատգամավորներին և կառավարության անդամներին։ Եւ միայն հոկտեմբերի 28-ին՝ բանակցություններից հետո, հարձակվողները հանձնվեցին իրավապահ մարմիններին։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա խմբի հինգ անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Չնայած անցած 27 տարիներին՝ գործի մի շարք հանգամանքներ շարունակում են մնալ հանրային քննարկումների առարկա։ Զոհերի հարազատները և հասարակության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ հանցագործության հնարավոր պատվիրատուների և կազմակերպիչների հարցերը լիարժեք պատասխան չեն ստացել։ Գործից անջատված մասով քննությունը շարունակվում է, սակայն այդ մասով մինչ օրս մեղադրյալներ չկան, թեև՝ ընթանում է նախաքննություն։



