Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածաշրջանի դրական զարգացումներից մեկն է համարել Հայաստանի հետ խաղաղության հաստատումը։ Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է անցած տարվա օգոստոսին՝ Վաշինգտոնում, Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ոչ թե իրենց տարաձայնությունների վերաբերյալ փաստաթուղթ, այլ խաղաղության համաձայնագրի ստորագրված տեքստը՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ։ Միաժամանակ ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն։ ԱՄՆ նախագահը որպես վկա ստորագրել է այս փաստաթուղթը։ Այսպիսով, մենք ոչ միայն վերականգնեցինք արդարությունը և ազատագրեցինք մեր տարածքները, այլև ստեղծեցինք Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ, որը երբեք գոյություն չէր ունեցել անկախ Հարավային Կովկասի պետությունների պատմության մեջ։ Ավելին, մենք այս նոր իրականությունը պաշտոնապես ձևակերպեցինք Սպիտակ տանը», – հայտարարել է Ալիևը։



