«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի առևտրային շուկայում խոշոր գործարարների ազդեցության, մրցակցության սահմանափակման և այլ տնտեսվարողների նկատմամբ հնարավոր ճնշումների վերաբերյալ։ Գործի առանձնահատկությունն այն է, որ հրապարակված տեղեկությունները քրեական հետապնդումը կապում են «Բոնուս» սուպերմարկետների շուրջ ծագած գործարար վեճի հետ։ Այդ ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը մահացել է օգոստոսի 5-ին՝ իր ընկերության գրասենյակում։ Հոկտեմբերի 27-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Նալբանդյանն ու Ղազարյանը մեղադրվում են առանձնապես խոշոր գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության մեջ։ Ղազարյանին առաջադրվել է նաև առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք։ Երկուսի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Դատախազությունը չի հրապարակել ենթադրյալ տուժողների անունները, գույքային վնասի չափը և մեղադրանքների փաստական հանգամանքները։ Գործի հնարավոր նախապատմությունը բացահայտվում է «Բոնուսի» համահիմնադիր Արշավիր Հարությունյանի հրապարակային հայտարարություններից և ընկերության շուրջ ծագած դատական վեճից։ Օգոստոսի 5-ի գիշերը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Բոնուսի» գրասենյակում հայտնաբերվել էր 59-ամյա Անդրանիկ Մուրադյանի մարմինը։ Քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով և նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Հաջորդ օրը Մուրադյանի աներձագը և ընկերության համահիմնադիր Արշավիր Հարությունյանը ArmLur-ին պատմել էր ընտանիքի նկատմամբ ամիսներ շարունակ գործադրված տնտեսական ճնշումների մասին։ Նա այդ համատեքստում հիշատակել էր Նարեկ Նալբանդյանին և Դավիթ Ղազարյանին՝ պնդելով, որ փորձ է արվել իրենցից խլել բիզնեսը։ Հարությունյանի հայտարարության ամենաուշագրավ մասը վերաբերում էր իրավապահների նախնական տեղեկացվածությանը։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ նամակ էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստացել արձագանք, իսկ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որով ճանաչվել էր տուժող։ Արշավիր Հարությունյանի հայտարարությունից հետևում է, որ իրավապահները ենթադրյալ տնտեսական ճնշումների մասին տեղեկացված էին դեռևս Անդրանիկ Մուրադյանի մահվանից առաջ։ Այս հանգամանքը լուրջ հարցեր է առաջացնում քննության ժամանակին և արդյունավետ իրականացվելու վերաբերյալ։ Կարևոր է պարզել, թե իրավապահներն ինչ տեղեկություններ են ստացել, ինչպես են գնահատել հնարավոր սպառնալիքները և ինչ միջոցներ են ձեռնարկել դրանք կանխելու համար։ «Սպայկան» ներկայացրել է վեճի այլ բացատրություն։ Դավիթ Ղազարյանի խոսքով՝ ընկերությունը «Բոնուս» ցանցը շահագործող «Բրենդլիդեր» ՀՁ ՍՊԸ-ից պահանջել է վերադարձնել պայմանագրով վճարված կանխավճարը։ Ըստ Ղազարյանի՝ «Սպայկան» դիմել է դատարան, շահել գումարի վերադարձի գործը, իսկ վերաքննիչ դատարանը մերժել է պարտապան ընկերության բողոքը։ Նա նաև հայտնել է, որ «Բրենդլիդերն» ունեցել է պարտավորություններ այլ կազմակերպությունների և վարկային կառույցների նկատմամբ, և ընկերության շուրջ սկսվել է սնանկության գործընթաց։ Ղազարյանը հերքել է գործարարների նկատմամբ ապօրինի ճնշումների մասին պնդումները։ Դատական վեճի փաստաթղթերը կարող են կարևոր նշանակություն ունենալ քրեական գործի հանգամանքները պարզելու համար։ Դրանց ուսումնասիրությամբ հնարավոր կլինի պարզել ֆինանսական պահանջների ծագումը, պայմանագրային պարտավորությունները, պարտքերի չափը, սնանկության ընթացքը և ընկերության գույքի նկատմամբ ներկայացված պահանջները։ Սեպտեմբերի 4-ին ArmLur-ը հրապարակեց ևս մի ուշագրավ տեղեկություն։ Լրատվամիջոցի համաձայն՝ Մուրադյանի մահվանից հետո նրա հեռախոսը չէր հայտնաբերվել։ Նույն հրապարակմամբ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել էր քրեական վարույթի շրջանակում։ Հեռախոսի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն դրա ճշտումը կարևոր է Մուրադյանի մահվանը նախորդած հաղորդակցությունները և գործարար հարաբերությունների վերջին զարգացումները վերականգնելու համար։ Նալբանդյանի և Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հնարավոր կապը «Բոնուսի» շուրջ ծագած վեճի հետ լրացուցիչ հարցեր է առաջացնում։ Դատախազությունը դեռ չի բացահայտել մեղադրանքների փաստական հիմքերը և չի պարզաբանել, թե արդյոք քննության ընթացքում ուսումնասիրվում են Անդրանիկ Մուրադյանի մահվանը նախորդած ենթադրյալ տնտեսական ճնշումները։ Գործարարներին ինքնասպանության հասցնելու մեղադրանք առաջադրելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Այս գործի հանգուցային հարցերից է խոշոր գործարարների ենթադրյալ համատեղ գործունեության մեխանիզմը։ «88»-ը մանրածախ առևտրի ցանց է, իսկ «Սպայկան» զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ, արտահանմամբ և բեռնափոխադրումներով։ Քննությունը պետք է պարզի երկու գործարարների հնարավոր ընդհանուր շահերը, նրանց առնչությունը «Բոնուսի» ֆինանսական խնդիրներին և այն գործողությունները, որոնք դարձել են հակամրցակցային գործունեության ու շորթման մեղադրանքների հիմքը։ Նալբանդյանի գործունեությունը նախկինում ևս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ապրիլին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր նրան առնչվող՝ փողերի լվացման հատկանիշներով քննվող վարույթի մասին։ Սեպտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հերքել էր գործարարի հետ իր ընտանիքի կապերը՝ հայտարարելով, որ Նալբանդյանի վարքագիծն արդեն նյարդայնացնում է իրեն։ Նույն ժամանակահատվածում հայտնի դարձավ նաև «88» ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթի առկայությունը։ Ղազարյանն իր հերթին նախկինում մեղադրվել էր առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսատուրքեր չվճարելու մեջ։ 2024 թվականին դատախազությունը հայտնեց պետությանը պատճառված վնասի հատուցման հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Ռուսաստանում ևս քննվում է նրա մասնակցությամբ տնտեսական հանցագործությունների առանձին գործ։ Առանձնապես կարևոր է Անդրանիկ Մուրադյանի մահվան վերաբերյալ քննության ընթացքը։ Անհրաժեշտ է պարզել, թե ինչ հանգամանքներում են զարգացել «Բոնուսի» ֆինանսական դժվարությունները, ինչ ճնշումների մասին է խոսել հանգուցյալի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, և արդյոք իրավապահները հաստատել են դրանց առնչությունը Մուրադյանի մահվանը։ «Բոնուսի» գործը կարող է բացահայտել Հայաստանի առևտրային շուկայում տարիներ շարունակ ձևավորված տնտեսական ազդեցության և կախվածության վտանգավոր մեխանիզմները։ Քննության համար առանցքային նշանակություն ունեն ընկերությունների ֆինանսական հարաբերությունները, հնարավոր ճնշումների բնույթը և Անդրանիկ Մուրադյանի մահվանը նախորդած իրադարձությունները։ Առանձնապես կարևոր է պարզել, թե իրավապահներն ինչ տեղեկություններ են ունեցել ենթադրյալ սպառնալիքների մասին և ինչպես են արձագանքել դրանց։ Նալբանդյանի և Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը նաև մրցակցության պաշտպանության պետական համակարգի արդյունավետության լուրջ քննություն է։ Եթե հաստատվեն տնտեսական ճնշումների և բիզնեսի նկատմամբ ապօրինի վերահսկողություն հաստատելու փորձերի մասին տեղեկությունները, անհրաժեշտ կլինի գնահատել նաև պետական մարմինների գործողությունները։ Հրապարակված հանգամանքներն արդեն պահանջում են ամբողջական, անկախ և հրապարակային հաշվետվողականությամբ քննություն։ Այս գործի նշանակությունը դուրս է առանձին ընկերությունների շահերի շրջանակից։ Խոսքը Հայաստանում սեփականության պաշտպանության, ազատ մրցակցության և տնտեսական գործունեության անվտանգության նկատմամբ վստահության մասին է։



