ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում ընդգրկված՝ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Դրանք նվիրված են նաև Հայաստանի անկախության 35-ամյակին։ Ինչպես տեղեկանում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումների շրջանակում բացվել է «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր առաքելության շրջանակում մշտապես կարևորել է մարդկության ստեղծագործական միտքը, մշակութային բազմազանությունն ու պատմական հուշարձանների պահպանությունը։ «Մեկ դար առաջ մեծանուն հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ստեղծեց մի գլուխգործոց, որտեղ միահյուսվեցին հայկական ճարտարապետական ավանդույթներն ու քաղաքաշինական արդիական միտումները։ Հայկական վարդագույն տուֆով կերտված այս անսամբլը դարձավ ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության խորհրդանիշը, այլև համաշխարհային քաղաքաշինության ու ճարտարապետության պատմության, մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,- ասել է Տիգրան Վիրաբյանը։ Նա հավելել է, որ Հանրապետության հրապարակն իր բացառիկ համաչափությամբ, ազգային ոգով և հավաքական հիշողությունը կրելու առանձնահատկությամբ վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես կարող է քարը դառնալ պատմություն, մշակույթ և երկխոսության հարթակ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն ներկայացնում է Հանրապետության հրապարակի 100-ամյա պատմությունը, այլև հնարավորություն է ընձեռում բացահայտելու ժամանակակից Հայաստանի ստեղծարար միտքը։ «Կարող եք տեսնել, թե ինչպես են Հանրապետության հրապարակի զարդանախշերն արտացոլված նաև հայկական տարազներում և նորաձևության ոլորտում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը։ Նա տեղեկացրել է, որ ցուցադրության այս հատվածը ներկայացնում է «Տերյան» մշակութային կենտրոնը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005 թվականի կոնվենցիայի շրջանակում իրականացնում է «Մշակույթն իմ ուղին է» դրամաշնորհային ծրագիրը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ պահպանելու, հոգատարությամբ փայփայելու և գալիք սերունդներին անխաթար փոխանցելու այս հոյակերտ ժառանգությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությանը՝ ի դեմս դեսպան Արամ Հակոբյանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ միջոցառումների իրականացման համար ընձեռված հնարավորության և ցուցաբերած աջակցության համար։ Ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը։ Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, «Արմենպրես» լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից։ Լուսանկարների ցուցահանդեսին զուգահեռ «Տերյան» մշակույթի կենտրոնը ներկայացրել է հայկական տարազների ցուցադրությունը, որոնց զարդանախշերը համադրված են Հանրապետության հրապարակի նախշերի հետ: Միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Գիտաժողովին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ: Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։ Աճառյանի ուսումնասիրությունները հայոց լեզվի ծագման, պատմության, բարբառների և այլ լեզուների հետ առնչությունների վերաբերյալ կարևոր ներդրում են ունեցել ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական համաշխարհային գիտության մեջ։ Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ: Միջոցառումների շարքը կեզրափակվի «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։ Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշում էր կայացվել հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) ծննդյան 150-ամյակը և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ.) 100-ամյակն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16976

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով