Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող շփումներին և շարունակելու է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն այս մասին հայտարարել է՝ Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին։ «Հարավային Կովկասը, որտեղ կտիրեն խաղաղությունն ու կայունությունը, կարևոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրների՝ Հայաստանի հետ իրականացվող շփումներին և վերահաստատում ենք, որ շարունակելու ենք մեր հնարավորությունների սահմաններում նպաստել կայուն խաղաղության հաստատմանը»,– ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային հակամարտությունները ոչ մի կողմի օգուտ չեն բերում և ծանր հետևանքներ են ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի ու էներգետիկ շուկաների համար։ Անդրադառնալով Իրանի շուրջ վերջին շրջանում կրկին աճող լարվածությանը՝ Էրդողանը հույս է հայտնել, որ այն կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե զենքի կիրառմամբ։ Նա խոսել է նաև պաղեստինյան հիմնախնդրի մասին՝ ընդգծելով, որ թյուրքական պետությունները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն դրա արդարացի կարգավորման ուղղությամբ։ Էրդողանը կարևորել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումը և վերականգնման աշխատանքների հնարավորինս արագ մեկնարկը։ Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը 1967 թվականի սահմանների հիման վրա, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը։ Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել թյուրքական պետություններին խորացնել տնտեսական և տրանսպորտային համագործակցությունը՝ հաշվի առնելով անդամ երկրների ազգային շահերն ու զգայուն հարցերը։ Նրա խոսքով՝ թյուրքական աշխարհը հնարավոր է վերածել արևելքից արևմուտք ձգվող առևտրային, տրանսպորտային և էներգետիկ հզոր կենտրոնի։ Այս համատեքստում Էրդողանը ռազմավարական նշանակություն է վերագրել Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջին միջանցքին՝ նշելով, որ այն կարող է կարևոր դեր ունենալ ապագայի միջազգային առևտրի զարգացման գործում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17024

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով