«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն առաջիկա ձմեռային սեզոնին ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցերի քննարկումն էր։ Ինչպես տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Արկադի Չերչինյանն իր խոսքում ընդգծել է, որ կապալառու բոլոր կազմակերպությունները պետք է պատշաճ և ժամանակին պատրաստվեն ձմեռային սպասարկման աշխատանքներին՝ ապահովելով աղի և ավազի անհրաժեշտ պաշարներ, ինչպես նաև նախապատրաստելով մասնագիտացված տեխնիկան ու սարքավորումները։ Նա կարևորել է աշխատանքների կազմակերպման նկատմամբ հետևողական մոտեցումը՝ ձմռան ամիսներին ճանապարհներին անվտանգ և անխափան երթևեկություն ապահովելու նպատակով։ Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի պատրաստվածությանը, ֆինանսական խնդիրներին, ճանապարհների աղտոտման դեպքերին և այլ հարցերի։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ըստ տարածաշրջանների ձմեռային սպասարկման առանձնահատկություններին։ Ընդգծվել է, որ աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն ու ճանապարհային առանձնահատկությունները։ Մասնավորապես, բարձրլեռնային գոտիներով և լեռնանցքներով անցնող ճանապարհների սպասարկումը պահանջում է հատուկ մոտեցում։ Հանդիպման ընթացքում կապալառու կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք կուսումնասիրվեն հիմնադրամի համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ հետագա աշխատանքներում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։



