Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին չի հաջողվել ընդունել Արևմտյան Սահարայի վերաբերյալ բանաձև, ինչի հետևանքով այդ տարածքում ՄԱԿ-ի առաքելության մանդատի գործողությունը կարող է ավարտվել հոկտեմբերի 31-ին։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագիծը նախատեսում էր մեկ տարով երկարաձգել Արևմտյան Սահարայում հանրաքվեի անցկացման հարցով ՄԱԿ-ի առաքելության (MINURSO) գործունեությունը։ Ընդ որում, առաջարկվում էր առաքելության անվանումից հանել հանրաքվեի մասին հիշատակումը և կրճատել Արևմտյան Սահարայում տեղակայված խաղաղապահ զորակազմը։ Փաստաթուղթը նաև ամրագրում էր Մարոկկոյի ինքնավարության հաստատումն այս տարածքում՝ որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների միակ հիմք։ Բանաձևի այդ տարբերակին աջակցել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9-ը ոչ մշտական անդամները։ Ռուսաստանը վետո է կիրառել ամերիկյան նախագծի նկատմամբ՝ այն որակելով չափազանց միակողմանի և ինքնիշխանության հարցը կանխորոշող։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի ներկայացրած նախագիծը, որը ենթադրում էր երկարաձգել MINURSO-ի մանդատը՝ առանց որևէ փոփոխության։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱՄՆ-ի կողմից վետոյի կիրառումը բնորոշել է որպես առաքելության «քաղաքական սպանություն»։ Մինչդեռ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը նշել է, որ հանրաքվեն չի անցկացվել՝ դրա մասնակիցների որոշման չափանիշների հարցում բազմամյա տարաձայնությունների պատճառով։



