ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է հայերենը՝ որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզու սահմանող հոդվածը դարձնել անփոփոխելի։ Ռուբինյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ «Նոր Սահմանադրությամբ հայերենը՝ որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզու սահմանող հոդվածը, կդառնա անփոփոխելի։ Այսինքն՝ ի տարբերություն գործող Սահմանադրությամբ սահմանված կարգի՝ այլևս անհնար կդառնա այդ հոդվածը փոփոխել և, հետևաբար, փոխել պետական լեզուն կամ ավելացնել պետական լեզուներ։ Ինչո՞ւ է սա կարևոր․ որովհետև այսպիսով մենք կպաշտպանենք մեր ազգային ինքնության գլխավոր հենասյունը՝ մեր լեզուն»,- նշել է ԱԺ նախագահը։ Ռուբինյանը քննադատել է տարբեր գործիչների կողմից այլ լեզուներին պետական կարգավիճակ տալու վերաբերյալ հնչեցված առաջարկները՝ այդ համատեքստում հիշատակելով ռուսերենն ու անգլերենը։ «Ո՛չ, մեզ նոր պետական լեզուներ պետք չեն։ Հայերենը պետական լեզու է, պետականաստեղծ ժողովրդի լեզու է։ Այն դարեր շարունակ կատարել է իր պետական լեզվի դերը և հավերժ պիտի այն կատարի»,- հայտարարել է նա։ ԱԺ նախագահը նաև կոչ է արել այնպես անել, որ ընդդիմությունը չխոչընդոտի այդ փոփոխության ընդունմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17296

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով