«ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում, Արագածոտնի, Լոռու և Սյունիքի մարզերում

Ավելի քան 25 տարվա գործունեությունից հետո Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ՝ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկովի ֆոնդ»-ը վերանվանվել է Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ՝ երեխաների և պատանիների համար «Մանու Ֆոնդ»-ի, «Ռոլան» փառատոնն էլ՝ «Մանուֆեստ»-ի։ Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները՝ նշելով, որ «Մանու» անվանման հիմքում հայերեն «մանուկ» բառն է՝ խորհրդանշելով այն արժեքները, նպատակներն ու տեսլականը, որոնց շուրջ տարիներ շարունակ կառուցված է հիմնադրամի գործունեությունը։ «Ռոլանը» մնում է փառատոնի հարուստ պատմությունն ու անգնահատելի ժառանգությունը, իսկ «Մանուն»՝ նրա ոգին, սիրտը, ներկան ու կենդանի շարունակությունը։ «Այս փոփոխությունը նշանավորում է նոր փուլ՝ ժամանակին համահունչ և արդիականացված մոտեցմամբ, միաժամանակ պահպանելով հիմնադրամի և փառատոնի ձևավորված արժեքներն ու առաքելությունը։ Տարիներ առաջ փառատոնին մասնակցող երեխաներն այսօր արդեն իրենց զավակների հետ են վերադառնում փառատոնային դահլիճներ։ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը այսուհետ կկրի «ՄանուՖեստ» անվանումը: «ՄանուՖեստ» 22-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը տեղի կունենա 2026-ի նոյեմբերի 4-8 Երևանում և Արագածոտնի, Լոռու և Սյունիքի մարզերում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Միջազգային աջակիցներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: Փառատոնն այս տարի կանցկացվի «Մանուկն աշխարհին» խորագրով։ Չխախտելով ներդրված ավանդույթները՝ հնարավորություն կստեղծվի փառատոնային բոլոր ծրագրերում ներգրավել երեխաներին ոչ միայն Երևանից, այլև ՀՀ մարզերից, այդ թվում՝ մանկատներից, անապահով ընտանիքներից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով երեխաներին և պատանիներին։ Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ՝ 35 երկրից: «Մանուֆեստ» 22-րդ փառատոնը հավատարիմ է իր որդեգրած ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը ներկայացնում են «ԱՅԲ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը` «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը՝ Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի սաները և «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» անվանակարգը՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի աշակերտները: Փառատոնային ծրագրում ընդգրկված է «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված են երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը՝ երեխաների համար։ «ԱՅԲ» դպրոցի աշակերտները ներկայացրել են «Ինքնության քարտեզ» ֆիլմը, որը պատմում է մեր արժեքների, ընտրությունների և ինքնության բացահայտման մասին, ինչպես նաև «ՖիլմՀարմոնիկ» ֆիլմը՝ նվիրված Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի 100- ամյակին։ Միլենա Եդիգարյանը «Արմավիրի արվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ»-ից ներկայացրել է երկու կարճամետրաժ անիմացիոն «Գտնելով տունը» և «Երեկույթ» ֆիլմերը։ Նշենք, որ «Երեկույթ» ֆիլմը Վրաստանի Երիտասարդական սմարթ-ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի բարձր գնահատանքին։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է նաև ՕնՕֆֆ ստուդիայի 2 ֆիլմերը՝ «Սևանիկ»՝ բազմասերիանոց անիմացիոն շարքը, որտեղ Սևանիկն ու իր ընկերները բախվում են բնությանը սպառնացող վտանգներին։ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հիման վրա ստեղծված՝ «Վիշապն ու Վահագնը» մրցութային ֆիլմը, որը պատմում է ընկերության և միասնականության կարևորության մասին։ Իր հերթին, «Մանկապատում» ստուդիան ներկայացնում է «Մանկապատումներ» ֆիլմաշարը, որը պատմում է դպրոցական առօրյայից վերցված ուսուցողական պատմություններ՝ խրախուսելով կարգապահությունը, ընկերասիրությունը և բարձր առաջադիմությունը։ Փառատոնային օրերին՝ նոյեմբերի 3-ից 9-ը, Երևանում՝ «Նաիրի» կինոթատրոնում, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցում տեղի կունենան ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությունները։ Ֆիլմերի ցուցադրություններ տեղի կունենան նաև ՀՀ մարզերում՝ Արագածոտնի (Օշական, Փարպի, Նոր Երզնկա, Ուշի, Ոսկեհատ, Ագարակ), Լոռու (Ալավերդի, Շնող) և Սյունիքի մարզերում (Գորիս)։ Նոյեմբերի 4-ից 8-ը Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ։ Փառատոնի բացման ֆիլմերն են՝ «Մեծ երազաշխարհը» (Ֆրանսիա, Բելգիա, 2025), որն «Անսի» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Քրիստալ» մրցանակի, «Ձիու դիմանկարը» (Լեհաստան, 2023), որը նոմինացված է եղել «Անսի» միջազգային կինոփառատոնում, որպես «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», ինչպես նաև Լեհաստանի կինոգործիչների միության կողմից ճանաչվել է «Լավագույն հեղինակային ֆիլմ»։ Փառատոնի շրջանակներում իրականացվելու են մի շարք ֆիլմերի պրեմիերաներ։ Բացառիկ իրավունքով կցուցադրվի «Ռոբոտի երազանքները» ֆիլմը (Ֆրանսիա, Իսպանիա 2023), որն առաջադրված է եղել 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը, որպես «Լավագույն երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Անսիի» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է «Գրան պրի» գլխավոր մրցանակին։ «Էլլան և ընկերները. ջրասամույրների օպերացիան» (Ֆինլանդիա, 2025) ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Ջիֆոնի» կինոփառատոնի շրջանակներում։ Փառատոնի պրեմիերաներ շարքում ընդգրկված է նաև «Մեծ երազաշխարհ» (Ֆրանսիա, Բելգիա, 2025) ֆիլմը, որն Անսի միջազգային փառատոնի «Քրիստալ» մրցանակակիր է, ինչպես նաև «Իմ պապիկը Նիհոնջին է» (Բրազիլիա, 2025) ֆիլմը, որն Անսի կինոփառատոնում արժանացել է հեղինակավոր պրեմիերայի։ Ծրագրում ընդգրկված են բազմաթիվ ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Շվեդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Ճապոնիան, Չինաստանը, Կանադան և այլն։ Հատուկ ցուցադրությունների մեջ ընգրկված է “Союзмультфильм”-ի «Ոսկե ընտրանին»։ Ֆիլմաշարը բաղկացած է «Սոյուզմուլտֆիլմ»-իի կարճամետրաժ անիմացիոն լավագույն ֆիլմերից։ «Այս տարի ևս ավանդաբար կշարունակվի «Մանուֆեստ» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ։ Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը։ Ծրագրում ընդգրկված են 13 խաղարկային, անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր, որոնք հանդիսանում են հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիրներ, այդ թվում՝ «Անսի» (Ֆրանսիա), «Նյու Յորքի միջազգային մանկապատանեկան ֆիլմերի փառատոն» (ԱՄՆ), Ջիֆֆոնի (Իտալիա) և այլն։Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում»,-ասվում է տեքստում և նշվում, որ փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական հիմունքներով։ Փառատոնի այս տարվա իմիջային նկարի հեղինակն է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի՝ Վանաձորի մասնաճյուղի սան Կարինե Մելիքյանը (10 տարեկան, մանկավարժ՝ Ջուլիետա Խաչատրյան)։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17301

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով