Ոստիկանությունը Դանիայում և Չեխիայում նոյեմբերի 6-ին հետաքննել է օդային երթևեկությանը սպառնացող վտանգների մասին հաղորդումները, իսկ ռումինական ինքնաթիռներից մեկը ռումբի սպառնալիք է ստացել։ Այս դեպքերը տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին և այս շաբաթ ավելի վաղ ստացված կեղծ ահազանգերի ֆոնին, որոնց պատճառով խաթարվել էր օդային հաղորդակցությունը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Ռումինական Tarom ավիաընկերության՝ Պրահայից Բուխարեստ ուղևորվող չվերթը ռումբի մասին ահազանգ է ստացել։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել նախատեսված վայրում, իսկ օդանավակայանի վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ ռումբի սպառնալիքը կեղծ է եղել։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ոստիկանությունը նոյեմբերի 6-ին հայտնել է, որ արդեն երկրորդ օրն անընդմեջ գտնվում է օդանավակայանում՝ «օդային երթևեկությանն ուղղված սպառնալիքների կապակցությամբ»։ Ոստիկանության նախնական գնահատմամբ՝ օդանավակայանում ուղևորների կամ այլ անձանց համար վտանգ չի եղել։ Նշվել է նաև, որ օդային երթևեկությունն ընթանում է անվտանգ և առանց խափանումների։ Չեխիայի ոստիկանությունը նույնպես հայտնել է, որ նոյեմբերի 6-ին կրկին զբաղվում է ինքնաթիռներին ուղղված սպառնալիքներով։ Հաղորդվել է, որ Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանի հետ համագործակցությամբ ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ, որոնք «նվազագույն ազդեցություն ունեն օդանավակայանի բնականոն աշխատանքի վրա»։ Միևնույն ժամանակ, Իռլանդիայի ազգային հեռարձակող RTE-ի Դուբլինի կենտրոնակայանից բոլորը նոյեմբերի 6-ին տարհանվել են ռումբի մասին ահազանգից հետո, իսկ ուղիղ եթերները փոխարինվել են նախապես ձայնագրված հաղորդումներով։ Իռլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ «տեղյակ է այստեղ և Եվրոպայում գործող լրատվամիջոցների դեմ հնչեցված սպառնալիքի մասին»։ Ոստիկանությունը նշել է, որ կապ է հաստատել իռլանդական լրատվամիջոցների հետ, և սպառնալիքը կենթարկվի հետաքննության։ Այս շաբաթ Եվրոպայում ռումբի սպառնալիքների պատճառով տուժել է ավելի քան երկու տասնյակ չվերթ։ Որոշ դեպքերում ինքնաթիռներին ուղեկցել են կործանիչները, իսկ որոշ ինքնաթիռներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ կամ ռազմաբազաներ։



