Կինոյի տան չփակված հաշիվը. ո՞վ է վճարելու մերժման գինը

1997 թվականի սեպտեմբերի 26-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն խոսեց ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման անհրաժեշտության մասին։ Հոկտեմբերի 17-ին Երևանի Կինոյի տանը հավաքված մտավորականներն ու ընդդիմադիր գործիչները որդեգրեցին «արյունով նվաճված հողը թղթով չի հանձնվում» սկզբունքը։ Նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը բարձրացրեց փոխզիջումը մերժելու քաղաքական և բարոյական պատասխանատվության հարցը։ Նա զգուշացնում էր, որ հնարավոր պատերազմի դեպքում Կինոյի տանը հավաքված հինգհարյուր մարդկանց «գլխից մի մազ անգամ չի պակասի»։ Պատերազմի մարդկային ու նյութական կորուստները, զրկանքներն ու ավերածությունները կրելու էր ժողովուրդը։ Նրա նախազգուշացման գլխավոր իմաստը քաղաքական որոշումների և դրանց հետևանքների միջև պատասխանատվության անհավասարությունն էր. պատերազմի վտանգն ընդունելի համարողներից շատերն անձամբ չէին վճարելու դրա գինը։ Քսանինը տարի անց այդ խոսքերը գրեթե մարգարեական են հնչում։ Նոյեմբերի 5-ին ընդդիմադիր տասներկու ուժերի հայտարարությունն ու «Ուժեղ Հայաստանի» կազմակերպած մտավորականների հանդիպումը հիշեցրին խաղաղության տապալման պատմական նախադեպը։ Հայաստանը կորցրել է Արցախը, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվել է, իսկ Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը խաղաղ կարգավորման նոր հնարավորություն է ստեղծել։ Այս պայմաններում քաղաքական պայքարի կենտրոն է վերադարձել 1997 թվականի գլխավոր հարցը. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը փոխզիջումը մերժելու համար, և ո՞վ է այդ գինը ներկայացնելու ժողովրդին։ «Միավորված» ընդդիմությունն իր գլխավոր նպատակներն է հռչակել «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը» և Ադրբեջանի հետ «առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների» խաղաղության հաստատումը։ Հայ առաքելական եկեղեցու և ժողովրդավարական արժեքների պաշտպանության մասին դրույթները հայտարարությանը հաղորդում են ավելի լայն հանրային հնչեղություն։ Սակայն փաստաթղթի քաղաքական բովանդակությունը որոշվում է առաջին երկու պահանջներով։ Դրանք ուղղակիորեն առնչվում են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ապագային և Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորություններին։ Ընդդիմության առաջարկած ուղեգծի իրական նշանակությունը գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե այդ պահանջների իրագործումն ինչ փոփոխություններ է ենթադրում բանակցային գործընթացում, և ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի անվտանգության ու միջազգային դիրքերի համար։ «Ալիևյան սահմանադրություն» արտահայտությունը քաղաքական լուրջ հակասություն է պարունակում։ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների պահանջն արտաքին ճնշում է մեր ինքնիշխանության նկատմամբ, և այդ իրողությունը չի կարելի անտեսել։ Սակայն դեռ չհրապարակված սահմանադրական նախագիծն Ալիևի անունով կոչելը քաղաքական գնահատական է՝ առանց դրա բովանդակության քննության։ Ավելին՝ եթե Ալիևը հնարավորություն ունենար տնօրինելու Հայաստանի ճակատագիրը, հայկական Սահմանադրության փոփոխությամբ իր նպատակներին հասնելու անհրաժեշտություն չէր ունենա։ Հենց այդ պահանջի գոյությունն է ցույց տալիս, որ Հայաստանի պետական կամքն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը շարունակում են իրական նշանակություն ունենալ։ Սահմանադրության բովանդակությունը պետք է որոշվի Հայաստանի պետական շահերով և քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ։ Իսկ Ադրբեջանի պահանջներին դիմակայելու համար անհրաժեշտ է հասկանալ դրանց քաղաքական նպատակը և գնահատել հնարավոր հետևանքները։ Ընդդիմության հայտարարության գլխավոր բացթողումը հռչակված նպատակների իրական գնի մասին լռությունն է։ Եթե «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը» ենթադրում է Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրից հրաժարում, այդ մասին պետք է բաց խոսել։ Ի՞նչ է հաջորդելու դրան։ Ինչպե՞ս է արձագանքելու Ադրբեջանը, ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու Վաշինգտոնը, ի՞նչ հետևանքներ են առաջանալու Հայաստանի անվտանգության, ներդրումների և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Ո՞ր պետությունն է պատրաստ ստանձնել Հայաստանի անվտանգության լրացուցիչ պարտավորություններ։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ զրկանքների ու կորուստների պետք է պատրաստ լինի Հայաստանի քաղաքացին։ Այս հարցերի պատասխանները հայտարարության մեջ չկան։ Մինչդեռ խաղաղության գործող գործընթացը մերժելու քաղաքական որոշումը կարող է փոխել Հայաստանի արտաքին հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ ձևավորվում են նաև տնտեսական և ռազմավարական շահեր։ Դրանցից հրաժարվելու հնարավոր հետևանքները պահանջում են լուրջ հաշվարկ։ Ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել իր առաջարկած այլընտրանքի դիվանագիտական, ռազմական և տնտեսական հիմնավորումները։ Իշխանությունը նույն պատասխանատվությունն ունի խաղաղության համաձայնագրով նախատեսվող պարտավորությունների և դրանց հնարավոր հետևանքների հարցում։ Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունն առանձնապես զգայուն է նման որոշումների նկատմամբ։ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված իր առանցքային դաշնակցային պարտավորությունները, արևմտյան գործընկերությունն ընդլայնվում է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամրապնդել տարածաշրջանում ձեռք բերած դիրքերը։ Հայաստանը փորձում է դուրս գալ տասնամյակների ռազմաքաղաքական կախվածությունից և կառուցել անվտանգության ու տնտեսական կապերի նոր համակարգ։ Այդ ընթացքը խոցելի է, հնարավորությունները՝ սահմանափակ։ Խաղաղության գործընթացի խզումը կարող է ծանր հետևանքներ ունենալ պետության միջազգային դիրքերի և տնտեսական հեռանկարների համար։ Այդ ռիսկերը պահանջում են առարկայական քննարկում։ Առանձնապես ուշագրավ է Հայ ազգային կոնգրեսի մասնակցությունն ընդդիմադիր համախմբմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգությունը ներկայացնող ուժն այսօր կանգնած է նույն հարցադրման առջև, որը 1997 թվականին առաջին նախագահն ուղղում էր փոխզիջումը մերժողներին։ Ո՞րն է խաղաղության այլընտրանքը, և ի՞նչ գին է վճարելու ժողովուրդը դրա համար։ Քաղաքական դիրքորոշումների փոփոխությունը հասկանալի է։ Սակայն երեք տասնամյակ առաջ բարձրացված հարցի արդիականությունը դրանից չի նվազել։ Անցած երեք տասնամյակների պատմությունը նաև խաղաղ կարգավորման բաց թողնված հնարավորությունների, Հայաստանի բանակցային դիրքերի հետևողական թուլացման և քաղաքական սխալ հաշվարկների պատմություն է։ Ժամանակին հայրենիքի պաշտպանության անունից մերժված փոխզիջումներին հաջորդեցին պատերազմը, տարածքային կորուստներն ու Արցախի հայաթափումը։ Հայաստանը հայտնվեց այնպիսի պայմաններում, որոնցից խուսափելու հնարավորություն դեռ ուներ տարիներ առաջ։ Այս պատմությունը պարտադրում է առանձնակի պատասխանատվությամբ վերաբերվել խաղաղության ապագային առնչվող յուրաքանչյուր քաղաքական որոշման՝ նախապես գնահատելով դրա իրական հետևանքներն ու ժողովրդի վճարելիք գինը։ Այդ պատասխանատվությունը կրում են նաև քաղաքական հայտարարություններին աջակցող մտավորականները, փորձագետները, հանրային գործիչներն ու Մայր Աթոռը։ Հայաստանի պետականության և անվտանգության պաշտպանությունը պահանջում է հնարավոր հետևանքների գիտակցում։ Խաղաղության գործընթացի հնարավոր տապալման մասին դատողություններ անողները պարտավոր են խոսել նաև պատերազմի վտանգի, տնտեսական կորուստների, նոր զրկանքների և դրանց կանխման իրական հնարավորությունների մասին։ Հանրությունն իրավունք ունի իմանալու իր անունից առաջարկվող որոշումների ամբողջ գինը։ Առաջին հերթին՝ այն ընտանիքները, որոնց զավակներն են պաշտպանելու սահմանները, և որոնց ուսերին է ընկնելու հնարավոր նոր ճգնաժամի ծանրությունը։ 1997 թվականին Կինոյի տանը հավաքված մարդիկ համոզված էին, որ պաշտպանում են ազգային շահը։ Սակայն պատմությունն արդեն հնարավորություն է տալիս գնահատել նրանց պաշտպանած քաղաքական դիրքորոշման հետևանքները։ Երեք տասնամյակ անց Հայաստանի համար անթույլատրելի շռայլություն կլինի նույն հարցերը կրկին անպատասխան թողնելը։ Լևոն Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա նախազգուշացման գլխավոր իմաստն այսօր էլ ուժի մեջ է։ Քաղաքական առաջնորդներն ու մտավորականները կարող են հայտարարել ցանկացած նպատակի մասին, սակայն դրանց իրականացման հնարավոր գինը վճարելու է ժողովուրդը։ Ուստի «միավորված» ընդդիմությունը պարտավոր է քաղաքացուն ներկայացնել իր առաջարկած ուղեգծի բոլոր հնարավոր հետևանքները՝ խաղաղության հեռանկարից մինչև նոր պատերազմի վտանգ։ Կինոյի տան պատմական հաշիվը դեռ փակված չէ։ Այն հիշեցնում է քաղաքական պատասխանատվության մի դաժան ճշմարտություն. որոշումների հեղինակները կարող են հեռանալ քաղաքական ասպարեզից, նրանց ելույթները՝ մոռացվել, սակայն սխալների հետևանքները մնում են ժողովրդի կյանքում։ Հայաստանը նոր պատմական հաշիվ ստանալու իրավունք չունի՝ առանց նախապես իմանալու դրա գինը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17689

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով