Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը աշխատանքային հանդիպում է ունեցել EBSCO-ի տարածաշրջանային ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցություն մեկնարկելու հեռանկարները։ EBSCO-ն գիտական տվյալների բազաների ոլորտում աշխարհահռչակ կազմակերպություն է, որն իր որոնողական համակարգերի միջոցով ապահովում է գիտական և մասնագիտական տեղեկատվության հասանելիությունը՝ հնարավորություն ընձեռելով որոնելու և օգտվելու համապատասխան մասնագիտական գրականությունից, հետազոտություններից և այլ գիտական ռեսուրսներից։ Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային գիտական և մասնագիտական տեղեկատվության հասանելիության ընդլայնումը, որը նոր հնարավորություններ կստեղծի ոլորտային մասնագետների կարողությունների զարգացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և ապացուցահեն մոտեցումների կիրառման համար։ Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է հավաստի տվյալների, մասնագիտական հետազոտությունների և ապացուցահեն մոտեցումների հիման վրա ծրագրերի իրականացումն ու որոշումների կայացումը՝ նպաստելով առավել արդյունավետ, հասցեական և հիմնավորված սոցիալական քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը։



