Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Ալիևն ասում է Հայաստանում կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ: Հայ ժողովրդի մի մասին բռնի տեղահանելուց, հայրենազրկելուց, հայկական Արցախն ու ՀՀ տարածքներն օկուպացնելուց հետո՝ հիմա էլ սեր է ուզում: Քարոզարշավի այս փուլում, Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը: Ովքեր չեն սիրում ՔՊ-ին ու Նիկոլին՝ ատելություն են տարածում նաև Ադրբեջանի նկատմամբ: Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը, զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն: Հ.Գ. Մոռացեք բռնազավթված Արցախը, մոռացեք հազարավոր զոհված հայորդիների հիշատակը, մոռացեք մարդկային պատիվն ու ազգային արժանապատվությունը, մոռացեք ամեն բան և սիրեք Ադրբեջանը: Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղղերձն է: Երկուսն էլ բացահայտ կերպով սպառնում են ՀՀ հիմնական ընդդիմադիր ուժերին: Մեկն ասում է, որ պետք է դատեն կամ արտաքսեն ընդդիմադիրներին, մյուսն ասում է՝ պետք է զգոն լինեն:



