Շուրջ կես ամիս առաջ խոշոր ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա Վարդան Մարկոսյանն ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ «Վարդան Մարկոսյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից՝ չմանրամասնելով, թե քաղաքացին կոնկրետ ինչ հիմքով է ազատվել ծառայությունից։ Ուշագրավ է, որ ՊՆ-ն մի շարք դեպքերում որոշակի մանրամասներ է հայտնել քաղաքացիների չծառայելու հիմքերի վերաբերյալ, մասնավորապես, եթե խնդիրը եղել է առողջական, ապա դա նշվել է, գաղտնի պահելով միայն առողջական խնդրի բնույթը։ Վարդան Մարկոսյանի՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը հանրության շրջանում լայն քննարկման թեմա դարձավ այն բանից հետո, երբ հրապարակվեց նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ 19-ամյա երիտասարդը լկտի պահելաձևով վթարի է ենթարկվում։



