Մեծ Բրիտանիայի մունիցիպալ ընտրություններում իշխող Լեյբորիստական կուսակցության պարտությունից հետո բազմաթիվ նախարարներ վարչապետ Քիր Սթարմերին հրաժարական ներկայացնելու կոչ են անում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ նման կոչեր հնչեցնող մի քանի նախարարներին միացել է նաև ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։ Բացի այդ, Սթարմերի հրաժարականի կոչով հանդես է եկել Լեյբորիստական կուսակցության 72 պատգամավոր։ Դա լեյբորիստական 403 խորհրդարանականների 17%-ն է։ Ստեղծված իրադրության ֆոնին նախարարների վեց տեղակալ հրաժարական է տվել։ Մայիսի 7-ին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունների արդյունքներով լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել՝ զրկվելով Անգլիայի 40 մունիցիպալ խորհուրդների նկատմամբ վերահսկողությունից և պատմության մեջ առաջին անգամ զրկվելով մեծամասնությունից Ուելսի խորհրդարանում։ Չնայած այս վատ արդյունքներին, վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հրաժարական չի տա։



