Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրան-Հայաստան միջպետական սահմանի «Նորդուզ» սահմանային անցակետ։ Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Հակոբյանն անցակետում հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, «Նորդուզ» սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր: Դեսպան Հակոբյանը կարևորել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական վերջին գործողությունների ընթացքում «Մեղրի» և «Նորդուզ» սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների: ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:



