Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 15-ին Կիևում այցելել է ռուսական հարվածների հետևանքով փլուզված բնակելի շենքի տարածք և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ ռուսական հարվածից շենքի կեսի փլուզման հետևանքով մահացել է 24 մարդ։ 30 Մարդու հնարավոր է եղել ողջ դուրս բերել փլատակների տակից։ Վիրավորների թիվը հասել է 50-ի։ Կիևում մայիսի 15-ը սգո օր է հայտարարվել, խոնարհվել են դրոշները և չեղարկվել են բոլոր ժամանցային միջոցառումները։ «Այսպիսի Ռուսաստանը երբեք չի կարող նորմալ համարվել՝ մի Ռուսաստան, որը միտումնավոր կյանքեր է ոչնչացնում և հույս ունի անպատիժ մնալ։ Անհրաժեշտ է ճնշում։ Հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան և աշխարհը, որպեսզի նման հարվածները, որոնց ժամանակ երեխաներ են զոհվում, չտարածվեն»,- գրել է Զելենսկին սոցցանցերի իր էջում։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ Ռուսաստանը վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 1500 դրոն և տասնյակ հրթիռներ է ուղարկել Ուկրաինա։ Ուկրաինան իր հերթին անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի վրա։ Մայիսի 15-ին Ռյազան քաղաքի վրա հարձակման հետևանքով վնասվել են բարձրահարկ բնակելի շենքեր, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Կիևից հայտնել են, որ հարված են հասցրել նաև Ռյազանում ռուսական նավթավերամշակման գործարանին։



