Ավստրալիայի արևմուտքում՝ Պերտ քաղաքի մոտ գտնվող Ռոտնեստ կղզու առափնյա շրջանում մայիսի 16-ի առավոտյան տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել են երկրի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկի՝ Հորսշու խութի մոտ։ «Արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդագրություն են ստացել Ռոտնեստ կղզու ափերի մոտ շնաձկան հնարավոր հարձակման մասին։ Ենթադրվում է, որ 38-ամյա տղամարդուն շնաձուկ է կծել։ Նրան նավակով տեղափոխել են ափ և փոխանցել բժիշկներին։ Ցավոք, տուժածին չի հաջողվել փրկել»,-նշված է ոստիկանության հաղորդագրությունում։ Հարձակման պահին ականատեսները ափից մոտ 80 մետր հեռավորության վրա նկատել են շուրջ հինգ մետր երկարությամբ սպիտակ շնաձկան։



