Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր արվարձանային երկաթուղային համակարգը՝ Լոնգ Այլենդի երկաթուղին, ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքն այն բանից հետո, երբ արհմիությունները գործադուլ են հայտարարել, հաղորդել է Associated Press-ը։ Սա այս գծում նման առաջին ակցիան է 1994 թվականից ի վեր։ Գնացքների երթևեկությունը դադարել է շաբաթ օրը ժամը 00:01-ին։ Գործադուլին մասնակցում են հինգ արհմիություններ, որոնք ներկայացնում են երկաթուղու աշխատակիցների մոտ կեսը՝ մեքենավարներին, մեխանիկներին, ազդանշանային համակարգերի մասնագետներին և այլ աշխատողների։ Նյու Յորքի տրանսպորտային վարչության տվյալներով՝ Լոնգ Այլենդի երկաթուղու ծառայություններից ամեն օր օգտվում է մոտ 250 հազար մարդ, որոնք ուղևորություններ են կատարում Լոնգ Այլենդի և Նյու Յորքի միջև։ Նոր հավաքական պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվել են մի քանի ամիս։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում են աշխատավարձի չափին և բժշկական ապահովագրության վճարներին։ Արհմիությունները պնդում են, որ առաջարկված պայմանները չեն փոխհատուցում կյանքի արժեքի կտրուկ աճն ու վերջին տարիների բարձր գնաճը։ Մեքենավարների և երկաթուղայինների արհմիության ներկայացուցիչ Քևին Սեքսթոնը հայտնել է, որ նոր բանակցություններ առայժմ նշանակված չեն, և կողմերը դեռևս հեռու են համաձայնության հասնելուց։ Նյու Յորքի տրանսպորտային վարչության նախագահ Ջաննո Լիբերը հայտնել է, որ գերատեսչությունն արհմիություններին առաջարկել է այն ամենը, ինչ նրանք պահանջում էին աշխատավարձի մասով, և կարծում է, որ գործադուլի որոշումը նախապես է ընդունվել։ Իրենց հերթին, ակցիայի մասնակիցներն ասում են, որ պահանջում են միայն արդար վարձատրություն։ Գործադուլը լուրջ տրանսպորտային խնդիրներ է ստեղծում ոչ միայն ամենօրյա ուղևորների, այլև խոշոր մարզական միջոցառումների այցելուների համար։ Լոնգ Այլենդի երկաթուղին ունի ուղիղ կայարաններ այն մարզադաշտերի մոտ, որտեղ խաղում են «Նյու Յորք Յանկիզ» և «Նյու Յորք Մեթս» թիմերը, ինչպես նաև «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզահամալիրի հարևանությամբ, որտեղ անցկացվում են «Նյու Յորք Նիքս» թիմի հանդիպումները։ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոհուլը կոչ է արել Լոնգ Այլենդի բնակիչներին հնարավորության դեպքում աշխատել տնից։ Նյու Յորքի տրանսպորտային վարչությունը կազմակերպում է սահմանափակ թվով ավտոբուսային երթուղիներ դեպի մետրոյի կայարաններ, սակայն այս սխեման ի վիճակի չէ փոխարինել օրական քառորդ միլիոն ուղևորի փոխադրմանը։ Եթե երթևեկության դադարեցումը երկարաձգվի, վարորդները ստիպված կլինեն օգտվել տարածաշրջանի առանց այն էլ գերծանրաբեռնված ճանապարհներից։



