Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը։ «Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։ Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։ Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։ Պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը»,- գրված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։



