Մերձավոր Արևելքում մեկ ամիս տևած պատերազմի դադարեցումն Իրանի դեմ նշանավորեց ոչ թե ճգնաժամի հանգուցալուծում, այլ դրա անցումը որակապես նոր՝ դիվանագիտական առճակատման փուլ։ Չնայած Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից կիրառված ռազմական հզոր արսենալին և Թեհրանի համար ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակին, փորձագետների գնահատմամբ, Իսլամական Հանրապետությունը ցուցաբերեց սպասվածից ավելի բարձր դիմադրողականություն։ Իրանի զսպման մեխանիզմները թույլ տվեցին խուսափել պետականության հիմքերի խարխլումից, ինչն ի վերջո ստիպեց հակառակորդներին կանգ առնել և դադարեցնել կրակը։ Այդուհանդերձ, պատերազմի ակտիվ փուլի ավարտը չի նշանակում խաղաղություն. կայուն համաձայնության բացակայությունը տարածաշրջանը թողնում է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» տիրույթում, որտեղ հաջորդ քայլերը պայմանավորված են գլոբալ կենտրոնների պայմանավորվածություններով։ Այս համատեքստում Իրանի շուրջ ընթացող գործընթացների քննարկումը տեղափոխվել է գլոբալ հարթակ, որտեղ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները սահմանում են համաշխարհային նոր կոնյունկտուրան։ Սպասվում են նաև բանակցություններ Պուտինի հետ։ Բանակցությունների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք նոր տիպի բազմաբևեռ աշխարհակարգի դրսևորման հետ, որտեղ գերտերությունները սահմանափակում են տարածաշրջանային խաղացողների ինքնուրույնությունը։ Գլոբալ զարգացումների դինամիկան, ըստ առաջատար վերլուծաբանների, այսուհետ ընթանալու է ԱՄՆ-Չինաստան կոշտ հավասարակշռության տիրույթում, որտեղ տարածաշրջանային հակամարտությունները ոչ թե լուծվում են, այլ «կառավարվում»՝ ելնելով գերտերությունների գլոբալ շահերից։ Ըստ գնահատականների, Իրանը պահպանեց իր սուվերենությունը, սակայն հայտնվեց Վաշինգտոնի պատժամիջոցների և Պեկինի քաղաքական հովանավորչության արանքում։ 168.am -ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Խայալ Մուազինն ասաց, որ չնայած դժվարություններին, Իրանը շարունակում է պահպանել իր դիրքերը գլոբալ քաղաքականության «թատերաբեմում», իսկ Հայաստանի համար, նրա համոզմամբ, Իրանի կողմից հարվածներին դիմակայելու և ուժերի հավասարակշռությունը պահպանելու փաստը սկզբունքային նշանակություն ունի։



