Ակտիվ նախընտրական քարոզարշավի լծված Երևանի քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որը մի քանի տարի շարունակ այդպես էլ չի կարողանում գլուխ հանել քաղաքի կառավարումից, տրանսպորտային բարեփոխումներից, որն այս ընթացքում աչքի է ընկել, օրինակ, 7 միլիոն 650.000 դրամով ավիատոմսի ձեռքբերմամբ, իսկ վերջերս էլ զբաղված է «մայկա-տռուսիկ»-ի վրա տպագրություններով, 2025 թվականը փակել է շուրջ 58 միլիոն դրամ եկամուտով։ Բայց այս ամենի մասին՝ առավել մանրամասն․ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը՝ ըստ որի, նա փաստացի տիրապետում է միայն հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տան և ունի միայն մեկ՝ 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեքենա, որը գնել է 2022 թվականին, փոխարենը՝ բավականին նկատելի են Ավինյանի հաշիվներն ու եկամուտները։ Քաղաքապետը նշել է բանկային հաշիվների մնացորդների մասին, որոնք տարեսկզբին՝ 13,711,998 դրամ էին, իսկ տարեվերջին՝ 5,858,209 դրամ, ADA Cardano, Ethereum, Bitcoin կրիպտոարժույթների գումարային համարժեքը, սակայն, նա չի հանրայնացրել։ ՔՊ-ական պաշտոնյայի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 24,430,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 20,887,335 դրամ։ Տիգրան Ավինյանի՝ հաշվետու տարվա՝ 57,671,356 դրամ եկամուտն էլ գոյացել է Poolin հարթակից ստացած 26,523,000 դրամ այլ եկամուտներից, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից ստացած աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ նախ 1,936,152 դրամի չափով, ապա նաև՝ 29,212,204 դրամի։



