Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է. ըստ APA-ի թուրքական բյուրոյի՝ այս մասին Հաքան Ֆիդանը հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։ «Մենք ցանկանում ենք հավատալ, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են սա և տեսնում են կայուն խաղաղության անհրաժեշտությունը», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Նա նշել է, որ բանակցությունների հիմնական նպատակն է կանխել Իրանի կողմից ուրանի հարստացումը մինչև միջուկային զենքի համար պիտանի մակարդակներ։ Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո հարստացված ուրանը թաղվել է փլատակների տակ և անհասանելի է դարձել մեծ թունելների փլուզման պատճառով։ Նա հավելել է, որ այդ նյութերը վերահսկողության տակ են և ներկայումս անմիջական սպառնալիք չեն ներկայացնում։



