Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ճգնաժամը չի ազդել Ադրբեջանի վրա նավթի մատակարարումների շղթայի տեսանկյունից։ Այս մասին Ալիևն ասել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ճգնաժամը մեզ չի առնչվել մատակարարումների շղթայի առումով, քանի որ էներգակիրների մատակարարումների և երթուղիների դիվերսիֆիկացման մեր քաղաքականությունը այսօրվա քաղաքականություն չէ։ Մենք այն վարում ենք երկար տարիներ, և մեզ հաջողվել է մեր գործընկերների ու հարևանների հետ միասին ձևավորել մատակարարումների դիվերսիֆիկացված շղթա», – ասել է Ալիևը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը որոշակիորեն ազդում է բոլոր նավթարդյունահանող երկրների վրա։ «Ոմանք կարող են կարծել, որ նավթի բարձր գինը կարող է օգուտ բերել։ Այո, դա այդպես է, բայց, միևնույն ժամանակ, նավթային հարուստ պաշարներ ունեցող երկրներից շատերը ներդրումներ են կատարում գանձապետական արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդային շուկաներում։ Երբ տնտեսությունը ցնցումների է ենթարկվում, ֆոնդային շուկաները անկում են ապրում։ Այդ դեպքում թանկացած նավթի վաճառքից ստացված ոչ մեծ շահույթի ֆոնին մենք կորուստներ ենք կրում մեր կապիտալ ներդրումներից։ Այսինքն՝ դրանից տուժում են բոլորը», – ընդգծել է Ալիևը։



