Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոչ մեկին չի սպառնում, այն նպատակ չունի հակադրվելու որևէ պետության կամ կազմակերպության։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. միասին հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման» թեմայով միջազգային կլոր սեղանի քննարկման ժամանակ։ «ՀԱՊԿ-ը պաշտպանական դաշինք է։ Այն ոչ մեկին չի սպառնում։ Այն նպատակ չունի հակադրվելու որևէ այլ կազմակերպության կամ երկրի։ Մեր ռազմավարական նպատակն է ապահովել հավաքական անվտանգությունը՝ համախմբելով ջանքերը գործընկերության, համընդհանուր ճանաչված նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Մասադիկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ի առօրյա գործունեության հիմնական գաղափարը համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին: «Մենք առաջնահերթություն ենք տալիս անդամ պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման սկզբունքին՝ յուրաքանչյուրի ազգային անվտանգությունն ամրապնդելու և բլոկային մտածողությունից հրաժարվելու միջոցով», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Նույն հարթակում ելույթի ժամանակ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ-ի մարտական ներուժի մեծացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ օդուժի զարգացումը: «Համոզված ենք ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի զարգացումը շարունակելու անհրաժեշտության հարցում: Մեր նախագահության ծրագրում շեշտը դրվել է հավաքական ուժերի մարտական հնարավորությունների զարգացման, դրանք արդի և համատեղելի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հանդերձման վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում ավիացիայի և հակաօդային պաշտպանության զարգացման հարցերին», – նշել է փոխնախարարը:



