Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը «բացահայտել է», թե երբ կբացվի թուրք-հայկական սահմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, թուրքական «Cumhuriyet» թերթին տված իր հայտարարության մեջ ադրբեջանցի դիվանագետը հայտնել է, որ սահմանները կբացվեն հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից և դրան հաջորդող սահմանադրական փոփոխություններից հետո։ Ռաշադ Մամեդովը պատասխանել է նաև այն պնդումներին, թե Թուրքիան ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանները, սակայն Ադրբեջանը դեմ է դրան։ Դեսպանը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև մշտական խորհրդատվություններ են անցկացվում, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ։ Նա հավելել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալվում է փոփոխությունների միջոցով Հայաստանի սահմանադրությունից հեռացնել Ադրբեջանի նկատմամբ, այսպես կոչված, «տարածքային պահանջները»։ Մամեդովը նշել է, որ դրանից հետո կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դեսպանն ընդգծել է, որ այս գործընթացի վերջում, հայ-թուրքական սահմանների հետ մեկտեղ, կբացվեն նաև հայ-ադրբեջանական սահմանները։ Օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե հայ-թուրքական երկխոսությունն այնքան հասունացած է, որ ցանկացած պահի արդեն կարող է լինել նույնիսկ ամբողջական կարգավորում։ Մինչ ՀՀ իշխանությունները, այսպես կոչված, խաղաղության թեման դարձրել են իրենց նախընտրական քարոզարշավի գլխավոր թեմատիկա, Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը հերթական անգամ փաստում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանի նկատմամբ կոշտ նախապայմանների և սինխրոնացված ճնշումների քաղաքականությունը։ Դիվանագիտական այս կոնցեպտը հստակ ցույց է տալիս, որ Անկարան և Բաքուն հրաժարվում են առաջնորդվել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքով, ինչպիսին է երկկողմ հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների։



