Վերջերս տարակուսում էի՝ անդրադառնա՞լ այս խայտառակ դրվագին, թե՞ ոչ, քանի որ այն առնչվում է 44-օրյա պատերազմում զոհված Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին: Նախկինում ինչ-ինչ արձանագրումներ եղել են, սակայն այն շրջանցել ենք՝ չցանկանալով, որ իր անունն ավելորդ անգամ շրջանառվի: Սակայն որոշեցի ամեն դեպքում կարճ անդրադարձ կատարել, և դա իր հիմնավորումն ունի: Եվ այսպես: Ապրիլի 30-ին աչքովս ընկավ Նիկոլ Փաշինյանի մերձակա բլոգեր Ռոման Բաղդասարյանի գրառումը, որտեղ նա Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին մեղադրում է Հադրութը թողնելու համար՝ առանց մարտի, և մեկ այլ հրամանատարի՝ Կարեն Հայրապետյանին: Իմ համապատասխան գործողություններից հետո գրառումը հեռացվել է, բայց ինչու եմ անդրադառնում այդ դրվագին, քանի որ այնտեղ նշվում է, որ այս տեղեկությունը տեղ է գտել 44-օրյա պատերազմի մասին իր գրքում, պատկերացնում եք, չէ՞, 44-օրյայի մասին ով է գրում, իսկ ռազմական նախկին ղեկավարությունը լռում է, պետական գաղտնիքի մասին սկզբունքից խոսում, իշխանությունները քննիչ հանձնաժողովի զեկույցը չեն ցանկանում հրապարակել:



