Պարսից ծոցի երկրների մի քանի ներկայացուցիչներ, որոնց վկայակոչել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել են, որ իրենց «ոչինչ հայտնի չէ Իրանին հասցվելիք որևէ անխուսափելի հարվածի ծրագրի մասին», գրում է The Wall Street Journal պարբերականը։ Պարբերականի տվյալներով՝ արաբական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Թրամփի նշած երկրները, դրանց թվում՝ Կատարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, «չեն իմացել» Իրանի դեմ ամերիկյան որևէ նոր ռազմական ծրագրի մասին։ Դա հակասում է Թրամփի այն պնդմանը, թե տարածաշրջանի առաջնորդները խնդրել են իրեն կասեցնել գործողությունը։ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ որոշել է հետաձգել Իրանին նախատեսված հարվածը Պարսից ծոցի երկրների դաշնակիցների դիմումներից հետո՝ դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։ Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն առաջընթացի նշաններ են ցույց տալիս։



