Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է . «The Insider-ը «հետաքննություն» է հրապարակել, որտեղ անվանումներով մանրամասն ներկայացնում է, թե Մոսկվան տարբեր ոլորտներում ու՞մ է այսպես ասած վստահել Հայաստանի ընտրություններում Փաշինյանի դեմ պայքարը: Տրվում են անուններ, ռուսական կառույցներում նրանց աշխատանքային կարգավիճակը, փորձը եւ այլն: Ինչու՞ եմ հետաքննությունը նշում չակերտներով: Որովհետեւ կարծես թե չկա որեւէ համոզիչ վկայություն, թե այդ մանրամասն անունների մատնանշումը ինչով է հաստատվում: Այսինքն, ինչո՞վ կարող ենք վստահ լինել, որ այդ մարդիկ ստացել են եւ իրականացնում են Հայաստանով զբաղվելու «ընտրական» առաջադրանք, ինչպես մատնանշում է պարբերականը: Ես կասկած չունեմ, որ Ռուսաստանը զբաղվում է Հայաստանի ընտրությամբ: Ինչպես կասկած չունեմ, որ Հայաստանի ընտրությամբ զբաղվում են Բրյուսելը, Փարիզը, Լոնդոնը, մասամբ՝ Վաշինգտոնը, նաեւ Անկարան եւ գուցե նույնիսկ Բաքուն: Պեկինը՝ մեծ հավանականությամբ, ու անգամ, Նյու Դելլին: Ավելին, ես կասկած չունեմ, որ այդ կենտրոնները միշտ են զբաղվում Հայաստանով: Մինչդեռ, հրապարակվում է «հետաքննություն», որն ավելի շուտ ստեղծում է ինչ որ սենսացիայի տպավորություն՝ կոնկրետ անունների եւ հետագծերի մատնանշման շնորհիվ: Եվ, եթե նպատակն ընդամենը քարոզչական դաշտում Հայաստանում իշխանական ու արեւմտյան նարատիվը սպասարկելը չէ, շատ լավ կլիներ, եթե օրինակ նույն հետաքննական պարբերականը ներկայացներ, թե՝ իսկ ովքեր են Հայաստանի նախընտրական գործընթացով զբաղվում Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, ի՞նչ հատուկ ծառայությունների հետ են գործակցում օրինակ եվրոպական այսպես ասած արագ արձագանքման խմբի Հայաստանի գալիք աշխատակիցները, կամ Հայաստանում ներգրավված այլ «քաղաքացիականներ», կամ հայաստանյան քաղաքացիական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ»:



