«Տեսէ՛ք եւ զգոյշ լերուք յամենայն ագահութենէ» (Ղուկ. 12:15) Ընդհանրապես կարծիք կա, որ քրիստոնեական կրոնը իր սահմաններից վտարել է հարստությունը, թե քրիստոնեությունը՝ աշխարհուրացություն ասելով [քարոզելով]՝ միայն ճգնավորություն և աղքատություն է հանձնարարում: Եվ իրոք, եթե Ավետարանին մակերևութային մի հայացք նետենք, առանց մանրամասն ուսումնասիրելու, պիտի համարենք, թե այս ասվածը [խոսքը] ստույգ է: Սակայն պիտի իմանանք, որ քրիստոնեությունը երբեք չի արհամարհում հարստությունը՝ այն պարագայում, երբ այն կյանքը թեթևացնելու միջոց է եղել և ոչ՝ կյանքի նպատակ: Եթե ասենք, որ դրամը Քրիստոսի աչքին ամբողջովին պիղծ և արհամարհված էր, այն ժամանակ ինչպե՞ս պիտի բացատրենք խնայողական այն քսակը, որ ունեին Քրիստոսի առաքյալները, որոնցից մեկն էլ տնտեսվարում էր առաքյալների բոլոր կարիքները: Քրիստոսը անարգում է միայն դրամապաշտությունը, ագահությունը և ոչ թե դրամի օրինավոր գործածությունը կամ խնայողությունը: Քանզի որտեղ ագահություն կա, այնտեղ չկա հավատի, հույսի, սիրո կյանք. որտեղ ոսկին և արծաթն են ապրում, հոգում հավատքը, մտքում հույսը, սրտում սերը դադարում են գոյություն ունենալ:



