Ռուսաստանը և Չինաստանը կարծում են, որ անհրաժեշտ է լուծել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառները։ Այս մասին ասվում է Պեկինում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ «Կողմերը համոզված են ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները լիարժեք լուծելու անհրաժեշտության մեջ՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջականության, համապարփակության և փոխկապակցվածության վրա՝ փոխադարձ անվտանգությունն ապահովելու և կայուն խաղաղության հիմքերը դնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը աջակցում են բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են Ուկրաինայում «երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը» և պաշտպանում են հակամարտության բանակցային լուծման որոնումները շարունակելու հնարավորությունը։ Ավելին, Մոսկվան ընդգծել է Պեկինի «օբյեկտիվ և անաչառ» դիրքորոշումը և ողջունել Չինաստանի ցանկությունը՝ կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական միջոցներով լուծելու գործում։



