Ցեղասպանության գաղափարը պետք է դառնա համակարգ․ Բագրատ Սրբազանի 22 պատգամները ծննդյան 55 ամյակին

Բագրատ Սրբազանը հրապարակել է իր 22 պատգամները ծննդյան 55 ամյակին։ 1. Եթե սիրում ես, ապա մրցում ես Աստծո հետ: Աստված Ինքն իր մեծ սիրուց հաղթված` Ինքն Իրեն ընծայեց աշխարհի համար: 2. Հոգևոր Հայաստանը հաղթելու է «իրական, նոր հայաստանին»: «Իրական, նոր հայաստանը» մահն է, սուտը և պարտությունը, իսկ Հոգևոր Հայաստանը նահատակության, արդարության և Հաղթանակի մասին է: 3. Մեր երազներն ու իղձերն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը: 4. Մի հարցրեք, թե` հնարավո՞ր է, թե՞ ոչ, այլ հարցրեք` անրաժե՞շտ է, թե՞ ոչ: Ինչպիսին լինի հարցադրումը մեր մտքում, այդպիսին էլ կլինի ելքը: 5. Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին, ճշմարտությունը` ստին: 6. Ծիծեռնակաբերդը իմաստ և ուժ է ստանում Եռաբլուրից… Զոհի ինքնությունից` հաղթողի ինքնություն: 7. «Մոռացված ազգ» լինելու հայեցակարգով պետք է հասնենք «Հաղթանակած Ազգ» լինելու տեսիլքի իրականացմանը: 8. Ցեղասպանության գաղափարը պետք է դառնա համակարգ, և «Այլևս երբեք»-ը պետք է դառնա բանաձև, սկզբունք և գործողություն` կյանք և կենցաղ: 9. Ապրելով` մեռնում ենք մեր բազմահազար նահատակ հայրերի, եղբայրների և զավակների լուսավոր հայացքի ներքո, ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ հաղթանակի տեսիլքը և սպանել այն: Կոչված ենք նույնանալու նրանց հետ… 10. Մենք չենք ձգտում պատերազմի, բայց միևնույն ժամանակ` ստորացնող, նվաստացնող, անպատիվ, անդիմագիծ, անգույն, անհայրենիք խաղաղություն էլ չենք ցանկանում: 11. Կյանքը գերագույն պարգև է, բայց ոչ գերագույն արժեք: 12. Կրթությունն առաքինի մարդ կերտելու արվեստն է: 13. Տնտեսությունն ինքնին նպատակ և երջանկություն չէ և չի կարող լինել, այլ սոսկ միջոց` մարդու արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի համար: Տնտեսությունը միջոց է և ոչ պաշտամունք: 14. Անհրաժեշտ է կյանքի կոչել բնապահպանական և տնտեսական այնպիսի ծրագրեր և ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի չխախտվի մարդու և բնության իրական հարաբերությունն ու հավասարակշռությունը և որպեսզի մարդկային «էկոլոգիան» չխաթարի բնական «էկոլոգիան» և հակառակը: Սա նաև, ամբողջական առումով, վերաբերմունք է կյանքի նկատմամբ` որպես Աստծու պարգև` գնահատելով կյանքի սրբազնությունը և որակը` անբաժան և ներդաշնակ արարչագործության հետ: 15. Հոգևոր և աշխարհիկ գիտության համագործակցությունն անհրաժեշտություն է: Այս երկու գիտակարգերը` գիտությունը և հավատքը, տարբեր մեկնակետեր ունեն, տարբեր ելակետեր, նպատակներ, մեթոդաբանություն` միևնույն ժամանակ փոխլրացնելով միմյանց: Գիտությունը արարչագործության մասին է, իսկ հավատքը` Արարչի: Գիտությունը պատասխանում է «ինչպես» հարցին, իսկ հավատքը «ինչու» հարցին: 16. Իրավունք չունենք խխունջանալու, իրավունք չունենք այս ատելության և թշնամության մեջ ապրելու: 17. Հաշտությունը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն: 18. Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ, չեմ ներելու հանուն քեզ, Շուշի՛… 19. Քրիստոնեությունը մեզ այլություն է տվել: Այն թույլ մարդու, խեղճի կրոն չէ, այլ առաքինության մասին է: 20. Երեխան բեռ կամ հոգնություն չէ, այլ` օրհնություն: 21. Ընտանիքում սեռերի կամ ամուսինների միջև ոչ թե մրցակցություն պետք է լինի, այլ` փոխլրացում, ոչ թե իրավունք, այլ` սեր… 22. Մենք չենք ասում «ավանդական ընտանիք», այլ ասում ենք «քրիստոնեական ընտանիք», որն ավանդական ընտանիքն է: «Քրիստոնեական ընտանիքը» քրիստոնեական արժեքներով ապրող, սիրո վրա կառուցված, խնամատարությամբ մեկը մյուսին ծառայող` սիրով ծառայող և սպասավորող և շատ զավակներ ունեցող ընտանիքն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով