Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ուսումնասիրելով հասանելի տվյալները էբոլա տենդի բռնկման վերաբերյալ, դեռևս խորհուրդ չի տալիս սահմանափակումներ մտցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կամ Ուգանդա ուղևորությունների համար: Այդ մասին հայտնել են կազմակերպության ռուսաստանյան գրասենյակից։ «Հենվելով ընթացիկ բռնկման վերաբերյալ առկա տեղեկատվության վրա՝ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս որևէ սահմանափակում մտցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կամ Ուգանդայի հետ առևտրի կամ այդ երկրներ ուղևորությունների համար», – ԱՀԿ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին։ Էբոլա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը պայմանավորված է ֆիլովիրուսով։ Հիվանդության ախտանիշներից են՝ տենդը, թուլությունը, մկանային ցավը, գլխացավը, ցավերը կոկորդում և որովայնի շրջանում, փսխումը, փորլուծությունը, ցանը, իսկ առանձին դեպքերում բացառված չէ նաև արնահոսությունը։ Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում հայտարարեց միջազգային նշանակության արտակարգ դրություն։ Վիրուսի հետևանքով մահացության դեպքերը 139-ն են, իսկ վարակումների դեպքերը գերազանցում են 600-ը։



