Հայաստանում ծաղկագործները, մասնավորապես՝ փոքր և միջին, վաղվանից կրկին կանգնելու են խնդրի առաջ, քանի որ ՌԴ-ն՝ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ մայիսի 22-ից սկսած։ «Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը խոսելով այս խնդրի մասին, նշեց, որ բոլորն էլ գիտեն, թե այս խնդիրը որտեղից է գալիս, այսինքն՝ «փափուկ ուժի» կիրառում է՝ ոչ ճիշտ քաղաքականության հետևանք։ «Լավ, ընդունենք՝ նման խնդիր կա, նշանակում է՝ զուտ մասնագիտական առումով, համակարգված ձևով պետք է գերատեսչական մարմիններով զբաղվեին, հատկապես, որ այս խնդիրը ժամանակ առ ժամանակ կրկնվում է։ Իսկ եթե խնդիրը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, նշանակում է գլոբալ մասնագիտական թերացում կա՝ սկսած մասնագիտական միջոցառումներից, որոնք պետք է վերաբերեն բույսերի պաշտպանությանը, վերջացրած առանձին կանոնները պահպանելու առումով։



