«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Սա Փաշինյանի համար ավանդական քարոզարշավի ոճն է, և ընդդիմադիր Փաշինյանի քարոզարշավի ոճից վարչապետ Փաշինյանը չցանկացավ ու չկարողացավ դուրս գալ: Այդ բովանդակությունը սպառողը նրա էլեկտորատն է, և իր այդ ոճը նա հենց նրանց վրա է վաճառում: Սա նրա ավանդական գործելաոճն է, բայց սկզբնական հանդարտ տոնից անցավ ավանդականին, որովհետև հասկացավ, որ իր խաղաղությունը չի վաճառվում: Էլեկտորատի առավելագույն մոբիլիզացիայի խնդիր է լուծում, քանի որ հասկանում է՝ իր վարկանիշն այնպիսին է, որ ինքը հեռու է ոչ միայն սահմանադրական մեծամասնությունից, այլև 50%+1-ի թվերից: Փաշինյանը միանգամայն նպատակադրված է սրում արցախցիներ-հայաստանցիներ թեզը: Մետրոյի դեպքի ժամանակ էլ Փաշինյանն իրավիճակը սրեց այն ժամանակ, երբ հասկացավ՝ դիմացն արցախցի կին է: Ինքը գիտի՝ նոր ձայներ ի վիճակի չէ բերել իր համար, դրա համար ամեն ինչ անում է, որ իր էլեկտորատը պահի, քանի որ լավագույնս ճանաչում է իր էլեկտորատին: Նիկոլ Փաշինյանը քանդում է բարոյական շերտեր: Ազատի զինվորական կացարանում այրված զինվորի մոր պարագայում մենք տեսանք՝ ինչպիսին էր միջադեպին ականատեսների վերաբերմունքը նրա նկատմամբ՝ զրո կարեկցանք: Բեմադրվում ու խրախուսվում է հենց այդպիսի՝ անբարոյական վերաբերմունքը : Մոլդովական սցենարն առաջինը կիրառվել է Ռումինիայում, որի մասին խոսեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը: Սա եվրոպական վերնախավի սցենարն է: Այսօր Վրաստանի հետ Եվրոպայի հարաբերությունները բավականին բարդ են, քանի որ Վրաստանն ինքնուրույն ազգային քաղաքականություն է վարում, Ադրբեջանը Եվրոպայի հետ հավասարը հավասարի հետ սկզբունքով է հարաբերվում, և այս պարագայում Եվրոպայի հույսը մնում է Հայաստանը, որտեղ հնարավոր է քաղաքական առաջխաղացում արձանագրել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում հիմա մի իշխանություն է, ում համար իշխանության մնալը դարձել է կյանքի ու մահվան հարց: Հիմա կրկին նախկիններ, թալան սցենարն է Փաշինյանը գործարկում, բայց դա մարդկանց վրա արդեն այն ազդեցությունը չի գործում: Այստեղ մեծ է Սամվել Կարապետյանի դերակատարությունը, որին ոչ մի կերպ թալանչի չի կարող նա անվանել: Մնացել է նախընտրական շրջանում գործակալների ու լրտեսների թեզի կիրառումը՝ եվրոպական հրամանատարությամբ: Սա փրկօղակի պես բան է Նիկոլ Փաշինյանի համար : 2020թ. պատերազմից հետո Հայաստանում փլուզվել է պետական անվտանգության ճարտարապետությունը, և Հայաստանը վերածվել է մի ազատ գոտու, ուր գործում են բոլոր աշխարհաքաղաքական շահեր ներկայացնող խաղացողները: Եվրոպայի խնդիրն այսօր իրեն այնպիսի դիրքում դնելն է, որ իրեն հաշվի առնեն: Հիմնական քննարկումները տեղի են ունենում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան առանցքում, և Եվրոպայի ճակատագիրը հենց այդ եռանկյունում էլ որոշվելու է: Եվրոպային հաճոյանալու գինը Միջին միջանցքն է: Եվրոպան Հայաստանից իր բաժինն է ուզում: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը համաձայնի Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջներին և որքան հնարավոր է՝ շուտ: Եվրոպան հիմա ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը համաձայնի, որ Թուրքիայից ու Ադրբեջանից ստանա Միջին միջանցքի իր բաժնեմասը:



